ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը

16.06.2022

«Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառման շրջանակներում Հայաստանում է հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը, որը 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի:

Հայազգի գիտնականի խոսքով պատճառներից մեկը, որ ինքը Հայաստանում է, այստեղի գիտության զարգացմանը ծանոթանալը և նոր համագործակցություններ ձեռք բերելն է. «Ես լսել եմ, որ կառավարությունը ավելացրել է գիտնականներին ու հետազոտողներին հատկացվող ֆինանսավորումը, և դա հիանալի առաջին քայլ է։ Ես նաև հույս ունեմ, որ երիտասարդ ուսանողները կհետևեն իմ օրինակին ու վստահ կլինեն, որ իրենք ամեն ինչ կարող են, քանի որ ես էլ Բեյրութի փոքր ընտանիքից էի, որտեղ գիտությունը հասանելի չէր։ Ու եթե ես հաջողեցի, կհաջողի ցանկացածը»։

Արտեմ Փաթափությանը հունիսի 14-ին Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին: Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը կարևորել է այս խորհրդանշական քայլը ոչ միայն գիտական ոլորտի նվաճումների արժևորման, այլև գիտության ոլորտի զարգացման, գիտությամբ զբաղվելու խրախուսման, կրթության տեսանկյունից։ 

Հունիսի 14-ին նաև շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային: 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արտեմ Փաթափությանը, իսկ աջ հատվածում ներկայացված է գիտնականին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:

Այսօր՝ հունիսի 16-ին, Փաթափությանին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նրա հետ զրույցում ասել է. «Այն հաջողությունները, որոնք Դուք ունեք, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը սեփականն է համարում: Իհարկե, մեզ համար հպարտանալու մեծ առիթ է, որ վերջապես Նոբելյան մրցանակակիրների շարքում ունենք նաև մեր հայրենակցին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանին Կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Փաթափությանին շնորհվել է նաև ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: Շնորհման արարողությանը Արտեմ Փաթափությանը նշել է՝ այն ընդունելությունը, որին արժանացել է Հայաստանում, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում են գիտությունը, գիտական նվաճումները:

Գիտնականը այցելել է նաև ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն ու հանդես եկել դասախոսությամբ:

 

Լուսանկարը՝ «Գիտության և գործարարության օրեր 2022» միջոցառման ֆեյսբուքյան էջից