ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանյան պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի քննարկումներին

16.10.2024
image descriptionimage descriptionimage description

2024 թվականի հոկտեմբերի 14-ից 15-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ք․ Բրյուսելում մասնակցել են Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի «Մարդկանց միջև շփումներ» հարթակի նոր նախագծի քննարկմանը նվիրված աշխատանքային հանդիպմանը և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստին։

Հայաստանյան պատվիրակության կազմում քննարկումներին մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանը և Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը:

  • Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի շրջանակներում նոր նախագծի քննարկում

Հայաստան-ԵՄ «Մարդկանց միջև շփումների հարցերով» ենթակոմիտեի նիստը գլխավորում էր ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով բաժնի պատասխանատուի տեղակալ Ջուլիեն Բուրտեմբուրգը։

Նիստի ընթացքում քննարկվել են հարթակի շրջանակում համագործակցության նոր թիրախային ուղղությունները և մի շարք հարցեր, այդ թվում՝ հետազոտությունների և նորարարության ոլորտներում քաղաքականության բարեփոխումների մշակմանն ուղղված աջակցություն` ներառյալ հետազոտությունների և նորարարության ոլորտներում ենթակառուցվածքների զարգացումը, Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի ակտիվ մասնակցությանը և ինտեգրմանն ուղղված քայլերը, ԵՄ Էրազմուս +, «Ստեղծագործ Եվրոպա», երիտասարդության և մեդիայի ոլորտներում ԵՄ հարթակներում ՀՀ ինտեգրման և դրան ուղղված ազգային մակարդակում իրականացվելիք բարեփոխումները, Հայաստանում սպորտային քաղաքականության մշակման ուղղությամբ համագործակցության ուղղությունները, ինչպես նաև սպորտի ոլորտում լավագույն փորձի փոխանակում։

Արթուր Մարտիրոսյանը շեշտադրեց ԵՄ նշված հարթակներում մասնակցության կարևորությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում, վերահաստատեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը աշխատելու իրականացվող բարեփոխումների ուղղությամբ` օգտագործելով ԵՄ հարթակների ընձեռած լավագույն հնարավորությունները։

Մարդկանց միջև շփումների հարթակով նախատեսվող միջոցառումների առնչությամբ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության համար վերջիններիս իրականացումը կնպաստի Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը։

Այս առումով ընդգծվեց նաև ԵՄ կողմից հնարավոր խորհրդատվական և տեխնիկական աջակցության կարևորությունը։ Կողմերը պայմանավորվեցին հնարավորինս սեղմ ժամկետում ամփոփել նոր նախագծի լրամշակման աշխատանքները` հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները։

Աշխատանքային հանդիպում է կայացել Եվրոպական հանձնաժողովի կրթության և մշակույթի գլխավոր տնօրենության, Եվրոպական հանձնաժողովի կապի ցանցերի, բովանդակության և տեխնոլոգիաների գլխավոր տնօրենության ներկայացուցիչների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրենության նորարարության, թվային կրթության և միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Ա․ Անգելովա-Կրաստևայի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպա», «ԵՄ սպորտ» ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորոտում «Էրազմուս+» ծրագրին ՀՀ մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր։

  • Շարունակական համագործակցություն՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակներում

2024 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում գործող ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի երրորդ նիստը: 

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ գիտական համայնքի՝ Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության 2023-2024թթ. վիճակագրական տվյալները, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցությունը խթանելու նպատակով ԵՄ աջակցության հնարավոր միջոցները, ՀՀ ֆինանսական պարտավորությունների կատարման ընթացքը, Եվրոպական հետազոտական տարածքին ՀՀ ինտեգրման ուղղությամբ գիտության ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման ընթացքը, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցությունը խթանելու նպատակով «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող միջոցառումները, Հետազոտությունների և նորարարության հարցերով Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական աշխատանքային խմբի շրջանակում ԵՄ-ՀՀ համագործակցությունը և այլ ընթացիկ հարցեր։

2024 թվականին նույնպես աճել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում ներկայացված հայտերի քանակը: Ստորագրված դրամաշնորհների թիվը 16 է, իսկ 3 դրամաշնորհային պայմանագրերի կնքումը ընթացքում է։ Երկուստեք արձանագրվել է ծրագրին ՀՀ մասնակցության աճի դրական միտումը, և կարևորվել է թիրախային միջոցառումների իրականացման շարունակականության անհրաժեշտությունը՝ մասնակցության ակտիվացման նպատակով։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը կարևորել է ԵՀ կողմից տրամադրվող խորհրդատվական և տեխնիկական աջակցության գործիքները ծրագրին մասնակցության աճի տեսակետից և նաև շեշտել ծրագրի ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Կարևորվել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև ստորագրված դրամաշնորհային պայամանագրի արդյունքում յուրաքանչյուր տարվա անդամվճարի 50 տոկոսի փոխհատուցումը, ինչը զգալիորեն նպաստում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության շարունակականության ապահովմանը և թույլ է տալիս առավել շատ միջոցներ ուղղել ենթակառուցվածքների զարգացմանը։

«Այս աջակցությունը կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս ուղղել մեր ռեսուրսները ազգային գիտահետազոտական էկոհամակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը»,- նշել է Սարգիս Հայոցյանը։

Նիստի արդյունքում ընդունվել են գործառնական եզրակացություններ, որոնց ուղղությամբ կողմերը կշարունակեն աշխատել 2025 թվականին։