ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթ՝ հայաստանյան գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության նպատակով

16.11.2023

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2024» մրցույթ, որն ուղղված է արտերկրի գիտնականների ներուժի ներգրավմամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային և ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանը:

Մրցույթին կարող են մասնակցել արտերկրից ղեկավար ունեցող, 2-5 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբեր՝ ներկայացնելով 60 ամիս տևողությամբ նախագծեր գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով:

Խմբի ղեկավար կարող է լինել 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված, 2004 թ. հունվարի 1-ից հետո գիտական աստիճան ստացած անձ, որը մրցույթիհայտարարմանը նախորդող 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չի ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում։

Ղեկավարը և կատարողները մրցույթին դիմելու պահին կարող են լինել ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ, սակայն նախագծի իրականացման ընթացքում խմբի անդամները, այդ թվում՝ արտերկրի ղեկավարը, պետք է բնակվեն ՀՀ-ում՝ որպես ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ:

Գիտության ոլորտ երիտասարդ հետազոտողների ներգրավման նպատակով՝ խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989 թվականի հունվարի 1-ից հետո և կարող են լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողներ:

Խումբը պետք է ունենա նաև արտերկրում համապատասխան մասնագիտությամբ աշխատող, գիտական աստիճան և հրավերով պահանջվող Հիրշի ինդեքս ունեցող արտասահմանյան գործընկեր (Foreign Partner/Collaborator), որը կպարտավորվի թեմայի կատարման ընթացքում առնվազն 25 օր այցելել Հայաստան և նույնքան ժամանակ ընդունել խմբի անդամներին համապատասխան արտասահմանյան գիտական հաստատություններում։

Բացի այդ, որպես նախագծի վերջնարդյունք ներկայացված հրապարակումներից առնվազն մեկը պետք է լինի արտասահմանյան գործընկերոջ համահեղինակությամբ։

Նախագծի իրականացման ընթացքում՝ մինչև 24 ամիսը լրանալը, խմբի ղեկավարի և կատարողների ընդգրկմամբ տվյալ գիտական կազմակերպությունում պետք է ձևավորվի նոր գիտական ստորաբաժանում (խումբ, լաբորատորիա, բաժին), որտեղ աշխատակիցների գումարային աշխատաժամանակը պետք է կազմի առնվազն շաբաթական 120 ժամ (3 Full Time Equivalent. FTE)։

Մրցույթի վերաբերյալ հարցերին պատասխանելու նպատակով դեկտեմբերի 13-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22) կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում (Info Day):

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ուղարկել irf-armenia-2024.hesc.am առցանց համակարգի միջոցով մինչև 2024 թ. հունվարի 12-ը:

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)