Երիտասարդ գիտնականները կստանան հավելավճարներ՝ ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար
ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակներում կազմակերպվում է Ազդեցության գործակցով գիտական պարբերականներում տպագրված հոդվածների համար երիտասարդ գիտնականներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
Հավելավճարները կտրամադրվեն մրցույթի երկու ենթածրագրերի շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված, բարձր ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող գիտական պարբերականներում կամ, հայագիտության ոլորտի դեպքում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հոդված տպագրած երիտասարդ գիտնականներին՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ մշտական բնակիչ կամ ռեզիդենտ, 1986 թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք՝ ներկայացնելով մրցույթի պահանջներին բավարարող առավելագույնը 2 գիտական հոդված, որոնք տպագրվել կամ առցանց հասանելի են դարձել 2021 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում:
Մրցույթին չեն կարող մասնակցել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի շահառուները, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում Կոմիտեի կողմից ֆինանսավորվող միաժամանակ երկու մրցութային նախագծերի, թեմաների կամ ծրագրերի ղեկավարները կամ կատարողները (բացառությամբ «Գիտական սարքերի և/կամ նյութերի ձեռքբերման», «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2020» և «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթների շահառուների)։
Մրցույթին մասնակցելու հայտը լրացվում և ներկայացվում է առցանց համակարգի միջոցով (https://forms.gle/7WjdQs1AKwEMeYib8)՝ մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ: Հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 23:59-ին:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտության քաղաքականության վարչության գիտության քաղաքականության և զարգացման ծրագրերի բաժնից՝ աշխատանքային օրերին (ժամը 14:00 - 17:00) զանգահարելով 21-01-40 (119) հեռախոսահամարով: