Ի գիտություն․ կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի կիրառման ուղեցույց

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշմամբ սահմանվել են սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը։ Կրթության գծով սոցիալական ծախսի համար փոխհատուցման տարեկան չափը կազմում է առավելագույնը 100.000 դրամ:
Կարևոր է իմանալ, որ․
Տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի` սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձը հաշվետու հարկային տարվա համար դրան հաջորդող հարկային տարվա ընթացքում հարկային մարմին է ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկ:
Փոխհատուցումը կատարվում է սոցիալական ծախս կատարած ֆիզիկական անձի 2024 թվականի եկամտային հարկի մնացորդից:
Սոցիալական ծախսի փոխհատուցման համար կարող են դիմել նաև կրթական ծառայությունը ստացած ֆիզիկական անձի ընտանիքի անդամները՝ ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները):
Եթե ուսման վարձը վճարվել է հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ընտանիքի տարբեր անդամների կողմից, ապա փոխհատուցումը կատարվում է ուսման վարձը վճարած ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին՝ վճարված ուսման վարձի չափով, բայց ոչ ավել, քան 100,000 ՀՀ դրամը:
Քայլերի հաջորդականությունը․
Քայլ 1. Ուսումնական հաստատությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ բացի ծառայություն ստացող ֆիզիկական անձի կամ իր ընտանիքի անդամի տվյալներից պետք է արտացոլված լինեն նաև սոցիալական ծախսը կատարած ֆիզիկական անձի անձնական տվյալները:
Քայլ 2. Սոցիալական ծախս կատարած ֆիզիկական անձը եկամտային հարկի տարեկան հաշվարկը ներկայացնելու համար պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում հեռախոսային կապի օպերատորների միջոցով պետք է ձեռք բերի էլեկտրոնային ստորագրությունը:
Քայլ 3. Էլեկտրոնային ստորագրության ակտիվացումից հետո self-portal.taxservice.am հարթակի միջոցով մուտք է գործում իր անձնական էջ:
Քայլ 4. Եկամտային հարկի տարեկան հաշվարկը ներկայացնելու համար ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋ դաշտով ՍՏԱՆԱԼ ՀՎՀՀ հրահանգով ստանում է այն:
Քայլ 5. Ուսումնական հաստատության կողմից հաշվարկային փաստաթղթի ստացումը ստուգելու նպատակով ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ դաշտով դիտում է հաշվարկային փաստաթուղթը:
Քայլ 6. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ բաժնով ներկայացնում է եկամտային հարկի տարեկան հաշվարկը:
Քայլ 7. Հարթակով ԴԻՄՈՒՄ դաշտով ներկայացնում է մինչև 100,000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջը:
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե 08000 1008 և 060 844 444 հեռախոսահամարներով: