ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատվել են

17.04.2025

Հաստատվել են առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը:

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշման նախագիծն ընդունվել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում:

2025-2026 ուսումնական տարվա բակալավրի ընդունելության տեղերը նախագծվել են՝ հիմք ընդունելով 

  • ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով, 

  • բուհերում նախորդ ուսումնական տարիներին, ըստ մասնագիտությունների, բակալավրի կրթական ծրագրով ընդունելության ցուցանիշները:

2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ հատկացվել է 3118 տեղ, որից 2118-ը՝ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Նշված 2108 տեղից 1273-ը (շուրջ 61%-ը) հատկացվել է բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին: Նույն ոլորտի համար նախորդ ուստարում նախատեսվել էր 2096-ից 1264 տեղ, որը ևս կազմում է ընդհանուր տեղերի 61%-ը:

Հաշվի առնելով 2024-2025 ընդունելության մրցույթի արդյունքները՝ հատկապես թափուր մնացած տեղերի վերլուծությունը, նախատեսվում է 2025-2026 ուստարվա համար ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 10 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը, որի տեղերը, որոշման համաձայն, առաջիկայում կհաստատի ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ նկատի ունենալով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը: