ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել է բուհերի ցանկը

17.10.2023

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է այն բուհերի ցանկը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ ստանալով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի: 

Կրթաթոշակների առավելագույն չափերին հնարավոր է ծանոթանալ որոշման 2-րդ հավելվածից: Կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական բուհերի, ներառյալ՝ մասնաճյուղերի հաստատված վարձավճարների միջին արժեքների: Բակալավրիատի կրթական ծրագրերի ուսման վարձի փոխհատուցման համար տրվող կրթաթոշակի չափը չի կարող գերազանցել 700 հազար դրամը, իսկ մագիստրատուրայի կրթական ծրագրերի  դեպքում՝ 560 հազարը:

Որոշ կրթական ծրագրերի մասով սահմանված կրթաթոշակի չափը լինում է պակաս, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը: Այդ դեպքում ուսանողը կարող է ընտրել նույն կրթական ծրագիրն իրականացնող այլ ուսումնական հաստատություն կամ մարզային մասնաճյուղ (ինչը որոշակիորեն կթեթևացնի նաև կեցության հետ կապված ծախսերը), կամ կարող է լրացնել տարբերությունը սեփական միջոցներով: Այն պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղում ուսումնառած կրթական ծրագիրը ներկայացված չէ հրապարակված ցանկում, ուսանողը կարող է ուսումը շարունակել հարակից կրթական ծրագրով: