ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ կիրականացնի իտալական «Սիստեմատիկա» ընկերությունը

17.10.2024

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 17-ի նիստի ժամանակ հավանություն տվեց «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշման նախագծին, որով առաջարկվում է Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը պատվիրակել իտալական «Սիստեմատիկա» ընկերությանը:

Նախագիծը զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ վերոնշյալ ընկերությունը ունի միջազգային բարձր վարկանիշ և նմանատիպ ծրագրի իրականացման ու անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ փորձ:

«Նախատեսում ենք ունենալ մի քանի հիմնարար արդյունք, որոնք էապես կօգնեն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը, որովհետև նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ դարձավ, որ նմանատիպ կամպուսների, ակադեմիական քաղաքների հաջողության հիմնական պայմանը նրանց տրանսպորտային կապվածությունն է և շարժունության հնարավորություններն են: Եվ կախված նրանից, թե ինչ հաջողությամբ է այդ խնդիրը լուծված, էապես հաջողում է նման նախագիծը»,- նշեց նախարարը:

Շեշտելով, որ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային և շարժունության պլանը ունի առանձնահատուկ նշանակություն, նախարարը թվեց նախագծի իրականացման շրջանակում ակնկալվող հիմնարար արդյունքները.

1. Ստանալ տրանսպորտի և շարժունության մաստեր-պլանը, որը կընդգրկի բոլոր այն գործողությունները, որոնք ներառելու են բոլոր հնարավոր տրանսպորտային ձևերի և ձևաչափերի վերլուծությունը և այդ իմաստով նաև ծրագրի ռազմավարությունը:

2. Ստանալ հոսքերի ուսումնասիրությունը, որտեղ բոլոր տվյալներն են հավաքագրվելու, նաև իրականացվելու է անհրաժեշտ շտեմարանների ստեղծում:

3. Հոսքերի ուսումնասիրության արդյունքում ունենալ դրանց վերլուծությունը ու մոդելավորումներ, մասնավորապես՝ պլանավորվում է  4 տարբեր մոդելների մշակում, և դրանք նաև հնարավորություն կտան ճիշտ պլանավորելու հետագա աշխատանքը:

4. Ունենալ ծրագրով նախատեսված ճանապարհների դիզայնը կամ նախագիծը:

5. Իրականացնել երկաթուղու նախնական տեխնիկա-տնտեսական վերլուծություն, որը ևս թույլ է տալու անհրաժեշտ եզրակացություններ անել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման նպատակով:

Ժաննա Անդրեասյանը նշեց նաև, որ ծրագրի իրականացման ժամանակահատվածը պլանավորված է 8 ամիս, առաջադրանքի շրջանակը մանրամասն քննարկված է Տարածքային կառվարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի հետ:

«8 ամսվա ընթացքում նախատեսում ենք, որ նաև մյուս գործընկերների հետ աշխատանքով կունենանք Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման ևս մեկ կարևոր բաղադրիչ»,- հավելեց նախարար Անդրեասյանը:

Անդրադառնալով զեկուցվող հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այն, ըստ էության, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործման շրջափուլի մի մասն է:

«Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ կամ ընդհանրապես չի լինելու, կամ շատ սահմանափակված է լինելու: Այսինքն՝ ավտոմոբիլային տրանսպորտ ակադեմիական քաղաքի ներսում շահագործել ընդհանրապես նախատեսված չէ, և ավտոմեքենաներ տարածք մուտք կգործեն միայն մատակարարումների իրականացման համար»,- տեղեկացրեց Փաշինյանը:

Այս համատեքստում վարչապետը կարևորեց հստակ սխեմաների առկայությունը, որոնցով կսահմանվի, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով և ինչ երթուղիներով պիտի հասնեն Ակադեմիական քաղաք կամ շրջանցիկ ճանապարհ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ հաշվի առնելով այն, որ Ակադեմիական քաղաքում լինելու են նաև խոշոր հանրային միջոցառումներ ենթադրող ենթակառուցվածքներ, հետևյալ արդյունքն է նաև լինելու, թե նմանատիպ հանրային միջոցառումների ժամանակ, օրինակ, որտեղ պետք է լինի մեքենաների կանգառը, ինչպես պետք է ապահովվի քաղաքացիների շարժը. «Սա նույնպես նախագծի մաս է, ինչը նշանակում է, որ շատ համապարփակ վերլուծություն է արվելու»:

Անդրեասյանը կարևորեց նաև այն, որ առանձին բաղադրիչներով աշխատանքներն այնպես են պլանավորվում, որ տարբեր խորհրդատվական կազմակերպություններ միասին համակարգված աշխատելու հնարավորություն ունենան: