ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«PostDoc-Armenia 2024» երկամյա ծրագիր՝ արտերկրի գիտնականների համար

17.11.2023

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia 2024»» մրցույթ:

Մրցույթի նպատակն է արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներուժի ներգրավվածությամբ նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծումը, միջազգային համագործակցության միջոցով հայաստանյան գիտական կազմակերպությունների ներուժի զարգացումը և գիտական միջավայրի բարելավումը:

Մրցույթին կարող են մասնակցել 1984 թ. հունվարի 1-ից հետո ծնված, 2010 թ. հունվարի 1-ից հետո գիտական աստիճան ստացած արտերկրյա գիտնականները, որոնք մրցույթի հայտարարմանը նախորդող 4 տարիների ընթացքում գումարային 12 ամիս և ավելի չեն ուսումնառել կամ աշխատել ՀՀ-ում։

Հայտատուն նախագծի իրականացման ընթացքում պետք է բնակվի ՀՀ-ում՝ որպես ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ:

Նախագծի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ունենա հայաստանյան կազմակերպության աշխատակից հանդիսացող, գիտական աստիճան ունեցող Մենթոր, որը հայտատուին կաջակցի գիտական և կազմակերպչական հարցերում։

Որպես նախագծի վերջնարդյունք՝ հայտատուն պետք է ներկայացնի ոչ պակաս, քան 2 գիտական հրապարակում առնվազն Q2 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator) ունեցող պարբերականներում, որոնցից առնվազն մեկը պետք է լինի Մենթորի համահեղինակությամբ։

Մրցույթի վերաբերյալ հարցերին պատասխանելու նպատակով դեկտեմբերի 13-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22) կկազմակերպվի տեղեկատվական հանդիպում (Info Day):

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ուղարկել postdoc-armenia-2024.hesc.am առցանց համակարգի միջոցով մինչև 2024 թ. հունվարի 12-ը: Պահանջվող փաստաթղթերի թղթային բնօրինակների ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. հունվարի 19-ը:

Մրցույթի հրավերի փաթեթը (հայերեն)

Մրցույթի հրավերի փաթեթը (անգլերեն)