Մեկնարկել է Համահայկական գիտաժողով - 2023-ը
Նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Համահայկական գիտաժողով - 2023»-ը: Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ երկրորդ անգամ անցկացվող գիտաժողովի հիմնական նպատակն է ստեղծել ու ամրապնդել ՀՀ գիտական կազմակերպությունների և բուհերի միջև համագործակցային կապեր, խթանել հարակից ոլորտների մասնագետների միջև միջգիտակարգային հետազոտությունների անցկացումը՝ հանրապետությունում իրականացվող գիտական աշխատանքների վերաբերյալ իրազեկելու միջոցով:
Վեցօրյա գիտաժողովի ընթացքում համառոտ բանավոր զեկուցումներով ներկայացվելու է պետական ֆինանսավորմամբ իրականացվող շուրջ 110 գիտական թեմա, ևս մոտ 60 գիտական հետազոտություն ներկայացվելու է պաստառային զեկուցումների (poster) ձևով՝ նոյեմբերի 19-ի նիստի ավարտին (գիտաժողովի ծրագրին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ գիտաժողովի էջից):
Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է անցկացնել նաև միջգիտակարգային նախագծերի մրցույթ երիտասարդ (մինչև 35 տարեկան) գիտնականների համար՝ վերջիններիս միջև նոր կապերի ստեղծման ու ամրապնդման, հետազոտական գիտական նախագիծ ներկայացնելու կարողությունների զարգացման նպատակով։ Մրցույթին մասնակցելու են գիտաժողովին ներկայացվող գիտական թեմաների ղեկավարների առաջադրած թեկնածուները, որոնք ընդգրկվելու են գիտաժողովի կազմկոմիտեի կողմից կազմված՝ տարբեր բնագավառներում աշխատող երիտասարդ գիտնականներ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) ընդգրկող համապատասխան խմբերում: Ձևավորված խմբերը գիտաժողովի ընթացքում պետք է պատրաստեն միջգիտակարգային գիտագործնական նախագծեր, որոնք կներկայացվեն շնորհանդեսների տեսքով դեկտեմբերի 1-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում: Լավագույն միջգիտակարգային նախագիծը կընտրվի փորձագիտական խմբի կողմից և կպարգևատրվի 1 միլիոն դրամով։
Նշված մրցանակից բացի, գիտաժողովի շրջանակում աչքի ընկած երիտասարդ ֆիզիկոսների համար 400 հազար դրամ խրախուսական մրցանակ է նախատեսել նաև Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ):