ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024»-ը հաջողությամբ ամփոփեց տարվա գիտական ձեռքբերումները

17.12.2024
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Դեկտեմբերի 7-15-ը Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024»-ը համախմբեց հայաստանյան տարբեր բուհերի և գիտական կազմակերպությունների գիտաշխատողներին և ուսանողներին՝ նպատակ ունենալով խթանել գիտելիքի փոխանակումն ու նոր միջգիտակարգային համագործակցային կապերի ստեղծումը։

Գիտաժողովի ձևաչափը և մասնակիցները

Միջոցառման առաջին փուլում՝ դեկտեմբերի 7-ից 13-ը, Երևանի պետական համալսարանում զեկույցներով հանդես եկան Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող շուրջ 90 դրամաշնորհային ծրագրերի ղեկավարները․

  • Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր,
  • Գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդման աջակցության ծրագիր,
  • Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր,
  • Արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր։

Մյուս գիտական ծրագրերի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց հետազոտությունները ներկայացնել պաստառային ձևաչափով։

Ներկայացված թեմաները ընդգրկում էին ամենատարբեր ուղղություններ՝ սկսած տարրական մասնիկների ֆիզիկայից և նոր կատալիզատորների սինթեզից մինչև ներբջջային մեխանիզմների ուսումնասիրություն, սեյսմակայությունից մինչև մարդածին էկոլոգիական վտանգների քննարկում, պատմական հիշողության ձևավորման գործընթացներից մինչև արվեստում նորարարական տեխնոլոգիաների կիրառություններ։

Այս փուլում մեկնարկեց նաև միջգիտակարգային խմբերի մրցույթը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց գիտաժողովի հատկապես երիտասարդ մասնակիցների շրջանում։

Միջոցառման երկրորդ փուլում՝ դեկտեմբերի 14-ից 15-ը,  Ծաղկաձորում կազմակերպվեցին հանրամատչելի դասախոսություններ և պանելային քննարկումներ արհեստական բանականության և գիտության փոխկապակցվածության, գիտական գործունեության արդյունավետ կառավարման և հանրայնացման ռազմավարությունների, բարձրագույն կրթության և գիտության օրենսդրական բարեփոխումների, գիտության արդյունքների առևտրայնացման ու մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մեխանիզմների և ոլորտի արդի հիմնախնդիրներին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցերի մասին։ 

Անդրադարձ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի 

բարեփոխումներին

Գիտաժողովը ոչ միայն հարթակ տրամադրեց գիտնականներին՝ կիսվելու իրենց հետազոտությունների արդյունքներով և նոր գիտական կապեր ստեղծելու անհատների և կազմակերպությունների միջև, այլև թույլ տվեց մասնակցել ոլորտի պետական քաղաքականությանը և բարեփոխումներին վերաբերող պանելային քննարկումներին և հարցեր ուղղել Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանին։

Ոլորտային քաղաքականությանը վերաբերող իր զեկուցման մեջ Հայոցյանն անդրադարձ կատարեց հայաստանյան գիտական ոլորտի մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես՝ գիտության համակարգ երիտասարդ գիտնականների ներգրավման և միջին տարիքի գիտնականների՝ համակարգում պահպանման արդյունավետ մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև միջազգային վարկանիշավորմամբ ամսագրերում հրապարակումների թվի խթանման անհրաժեշտությանը՝ ներկայացնելով վերջին տարիների ընթացքում Հայաստանի դիրքային դինամիկան՝ տարածաշրջանի և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների համադրելի օրինակի հետ համեմատությամբ։

Հայոցյանի հավաստմամբ՝ թեպետ գիտության ոլորտի ֆինանսավորման բարձրացման քաղաքականությունը արտացոլվել է գրաֆիկների վրա՝ որոշակի դրական դինամիկայի տեսքով, սակայն առանց համակարգային փոփոխությունների հնարավոր չի լինի երկարաժամկետ լուծում ապահովել։

Առանձին անդրադարձ կատարվեց նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտի նոր օրենքի նախագծի հիմնական դրույթներին, որոնք միտված են հանրապետությունում մատուցվող բարձրագույն կրթական ծրագրի որակի բարձրացմանը և միջազգային բարձր չափանիշներին համապատասխանեցմանը, բուհական և գիտական համակարգերի ինտեգրմանը, ինչպես նաև Ակադեմիական քաղաքին՝ որպես առկա խնդիրների տեղային լուծումների փոխարեն համակարգային լուծում առաջարկող նախագծի, որը թույլ կտա բացասական դինամիկան վերափոխել առաջանցիկ զարգացման։

«Ակադեմիական քաղաքի մասին խոսելիս շատերն առաջին հերթին պատկերացնում են ենթակառուցվածքային փոփոխությունները՝ նկատի ունենալով աշխատանքի ամենատեսանելի մասը՝ գերմանական gmp ընկերության նախագծած  կոնցեպտուալ հատակագիծը և քաղաքի ապագա տեսքը։ Սակայն մեր աշխատանքի ամենածավալուն մասը հենց նախագծի բովանդակության մշակումներն են, որոնցում համագործակցում ենք աշխարհի առաջատար բուհերի հետ»,- նշեց Հայոցյանը՝ մանրամասնելով, որ Մյունխենի տեխնիկական համալսարանը աջակցում է տեխնոլոգիաների փոխանցման և ստարտափ էկոհամակարգի ինտեգրման հարցում, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության և հասարակության ֆակուլտետը (IOE)՝ կրթական ծրագրերի արդիականացման և կառավարչական անձնակազմի վերապատրաստման հարցերում, իսկ Լոնդոնի թագավորական քոլեջի արվեստների կլաստերը կկիսվի խոշորացման գործընթացի իր հաջողված փորձով։

Գերմանական RSUP ընկերությանն էլ կպատվիրակվեն ուրբանիստական հետազոտությունները, որոնք կապահովեն քաղաքի դիզայնի ու բովանդակության ներդաշնակեցումը։

Հայոցյանի խոսքով՝ աշխարհի լավագույն համալսարանների շարքից գործընկերների ընտրությունը պայմանավորված է ոչ միայն Ակադեմիական քաղաքի բովանդակության մշակմամբ, այլև այն իրատեսական աջակցությամբ, որ նրանք կարող են ցուցաբերել պետական քաղաքականության մինչև 2030 թվականը սահմանած՝ «4 բուհ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցանկի թոփ 500-յակում» թիրախին հասնելու նպատակով։

Կոմիտեի գործող և ապագա ծրագրերի ներկայացում

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայիս գործունեությունը և ապագա նախագծերը ներկայացրեց նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը՝ անդրադառնալով երեք կարևոր ուղղություններին՝ գիտական ստորաբաժանումների ենթակառուցվածքի վերազինմանը, մարդկային ներուժին և իրավական դաշտի կարգավորումներին։

Մովսիսյանը նշեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոլորտին հատկացվող պետական միջոցների ծավալը պարբերաբար աճել է, և 2025թ․ ոլորտային բյուջեն նույնն է մնացել, սակայն գիտական ծրագրերի ֆինանսավորման մասնաբաժինը  փաստացի 10 տոկոս աճ է նախատեսում։

Ֆինանսավորման աճը թույլ է տվել վերջին մի քանի տարիներին պարբերաբար շուրջ 4,2 մլդ դրամ հատկացնել գիտական կենտրոններին՝ 20 մլն-ից ավել արժողությամբ ժամանակակից սարքավորումների ձեռքբերման, և շուրջ 1 մլդ դրամ՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։

Վերջերս ամփոփվեցին վերոնշյալ երկու մրցույթները․ առաջինի արդյունքում՝ ձեռք կբերվի 29 սարք/սարքավորում՝ ընդհանուր մոտ 3.5 միլիարդ դրամ արժողությամբ, իսկ երկրորդի շրջանակում՝59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ:

Մովսիսյանի հավաստմամբ՝ գիտության ֆինանսավորման մրցութային բաղադրիչը ևս տարեցտարի բարելավվում է, սակայն նպատակը բազային ֆինանսավորման բացառումը չէ․ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ուղիղ հատկացումները ևս կարող են մրցունակ արդյունք ապահովել, ինչին կարող է աջակցել կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմի ներդրումը։

Գիտական արդյունքների դինամիկային անդրադառնալով՝ Մովսիսյանը նշեց, որ ոլորտային փոփոխությունները վերջին մի քանի տարիներին փոխել են հրապարակումների թվի անկման միտումը՝ այն վերափոխելով կայուն աճի։

Մովսիսյանն այնուհետև անդրադարձավ Կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի կառուցվածքին և տեսլականներին՝ առանձնացնելով գիտական նոր ստորաբաժանումների հիմնադրմանը, գործող ստորաբաժանումների ամրապնդմանը և առաջատար հետազոտությունների խթանմանն ուղղված դրամաշնորհների տեսակները․ «Ակտիվ աշխատող երիտասարդ գիտնականները կարող են արտերկրի գիտնականների ինտեգրման կամ հեռավար լաբորատորիաների հիմնադրման դրամաշնորհներով ստեղծել իրենց նոր գիտական միավորը, հինգ տարի անց դիմել այդ ստորաբաժանման ամրապնդման դրամաշնորհին և, ի վերջո, դառնալ առաջատար հետազոտությունների աջակցության դրամաշնորհի շահառու․ այս տրամաբանությամբ՝ ակտիվ աշխատող երիտասարդ գիտական կադրերը իրենց գիտական կարիերայի սկզբից մինչև ավարտ հնարավորություն են ունենում խոշոր դրամաշնորհային ծրագրին մասնակցելու կամ ղեկավարելու»,- նշեց Կոմիտեի նախագահի տեղակալը՝ հավելելով, որ խոշոր դրամաշնորհներին զուգահեռ առկա են նաև ներպետական կամ միջպետական շուրջ 15 այլ դրամաշնորհներ կամ վերապատրաստման ծրագրեր, որոնք նույնպես կարող են ներառվել գիտնականի կարիերայի վերոնշյալ հետագծում։

Հաջորդիվ անդրադարձ կատարվեց միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատակությունների համար աջակցության ծրագրին և ոլորտում սպասվող փոփոխություններին: Մովսիսյանը նշեց, որ աշխարհի լավագույն եռյակի մեջ մտնող գիտական հրատարակիչներից երկուսի հետ արդեն իսկ բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում հայաստանյան հետազոտողները հասանելիություն կստատան միջազգային բարձր վարկանիշավորմամբ ամսագրերում տպագրված հրապարակումներին։

«Առաջիկայում սպասվող ծրագրերից են նաև պետության պահանջարկի հիման վրա հիմնված հետազոտությունները՝ պետական տարբեր մարմինների հետ համագործակցությամբ, պրոֆեսորների կարճաժամկետ այցելությունների և դասախոսությունների ծրագիրը, ինչպես նաև հայաստանյան ամսագրերի՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկման խթանման ծրագիրը»,- ամփոփեց Կոմիտեի նախագահի տեղակալը։

 

Միջգիտակարգային խմբերի մրցույթի ամփոփում

Ամփոփվեց նաև «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով 2024»-ի շրջանակում հայտարարված միջգիտակարգային մրցույթը՝ ուղղված երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան)՝ հետազոտական-գիտական նախագիծ ներկայացնելու կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ գիտնականների միջև գործընկերային նոր կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։

Մրցույթի շրջանակում ձևավորված 21 խմբերը ներկայացրին իրենց նախագծերը: Փորձագիտական խմբի գնահատման արդյունքներով լավագույն երեք նախագծերը պարգևատրվեցին.

  • առաջին տեղ՝ 1.500.000 ՀՀ դրամ պարգև - թեման՝ «Կաթնաթթվից պոլիկաթնաթթու՝ արտադրության արդյունավետության բարձրացումից մինչև լազերային մշակում»,
  • երկրորդ տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ պարգև - թեման՝ «Կենսաբանական միջավայրի ձեւավորումը տիեզերական կայաններում», 
  • երրորդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ պարգև - թեման՝ «Սենյակային ջերմաստիճանում եւ մթնոլորտային ճնշման պայմաններում գերհաղորդականություն դրսեւորող նյութերի հայտնաբերում քիմիային տեղեկացված նեյրոնային ցանցերի միջոցով»: