Կիրկլանդի հետազոտական ծրագրին մասնակցության հրավեր
Լեհ-ամերիկյան ազատության հիմնադրամի և «Փոփոխությունների առաջնորդներ» հիմնադրամի կողմից հայտարարվում է Կիրկլանդի հետազոտական ծրագրի 2021 թ. մրցութային հայտերի ընդունելությունը:
Ծրագրի շրջանակներում գիտական աստիճան ունեցող և ակադեմիական պաշտոն զբաղեցնող մասնագետներին կտրամադրվի կրթաթոշակ` 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Լեհաստանում 1 կիսամյակ (սեպտեմբերից հունվար) հետազոտություն կատարելու նպատակով: Կրթաթոշակի շահառուները կմասնակցեն գիտական սեմինարների, ինչպես նաև անհատական աշխատանք կկատարեն` գիտական ղեկավարի խորհրդատվությամբ: Հետազոտության արդյունքում պահանջվում է գիտական հոդվածի հրապարակում: Հետազոտությունը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին.
- տնտեսագիտություն և կառավարում,
- կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտներում,
- պետական կառավարում (պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ),
- իրավագիտություն,
- սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),
- քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,
- շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,
- անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,
- հակաճգնաժամային կառավարում,
- զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության կամ հրավերում նշված այլ երկրներից մեկի քաղաքացիություն,
- մինչև 45 տարեկան,
- գիտահետազոտական աշխատանքի փորձ` առնվազն 2 տարի,
- նախկին` 6 ամիս և ավելի տևողությամբ արտասահմանյան կրթաթոշակի ավարտից հետո առնվազն 2 տարվա ընդմիջում,
- գիտական ձեռքբերումներ, այդ թվում` հրապարակումներ,
- լեհերենի կամ անգլերենի` առնվազն B2 մակարդակի իմացություն (անգլերենի` B2 մակարդակի իմացության դեպքում անհրաժեշտ է առնվազն A1 մակարդակի լեհերենի իմացություն):
Մանրամասներին կարելի է ծանոթանալ կցվող հրավերից, ինչպես նաև` այցելելով www.kirkland.edu.pl կայքէջ կամ նամակ գրելով kirkland@kirkland.edu.pl էլ. փոստին:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թ. մարտի 1-ն է:
Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակներում 2021-2022 ուսումնական տարվա համար առաջարկվում է նաև կրթաթոշակ ասպիրանտների համար, որի մասին կարող եք տեղեկանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքից: