ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կկայանա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2025»-ի եզրափակիչ փուլը

18.03.2025

Մարտի 29-ին ժամը 10:00-ից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի կունենա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի եզրափակիչ փուլը:

2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած Հայկական համադպրոցական գիտության փառատոնը ստացել է ամենամյա բնույթ։ Նախորդ չորս տարիների ընթացքում Երևանի և բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների միջին և ավագ դասարանների ավելի քան 500 սովորող փառատոնին ներկայացրել է ընդհանուր 231 նախագիծ։

Փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագծերը:

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է ընդհանուր 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ:

Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:

Սովորողների հետազոտական թեմաները տարեցտարի բազմազան են եղել՝ կենսայքայվող պոլիմերներից մինչև թափոնների վերամշակում, էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրներից մինչև խելացի լուծումներ ամենօրյա կյանքում, նորարարական հայացք հայ դասականներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։

Բացի իրենց նորարարական գաղափարները կիսելու և գաղափարակիցներ գտնելու հնարավորությունից՝ մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը ԱՄՆ Օհայո նահանգում կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2025)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որն այս տարի տեղի կունենա Լատվիայում։

Միջոցառմանն ընդառաջ փառատոնի նախորդ տարիների մասնակիցները, այդ թվում՝ միջազգային գիտական փառատոներին Հայաստանը ներկայացրած մասնակիցները և ժյուրիի անդամները կներկայացնեն նախորդ տարիների փորձը, ինչպես նաև կտան օգտակար խորհուրդներ։