Մրցույթներ՝ ուղղված գիտական սարքերի ու սարքավորումների ձեռքբերմանը
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված երկու մրցույթների հայտերի ընդունման մեկնարկի մասին։
Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթ
Մրցույթը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 2045-Ա/2 հրամանով հաստատված «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի» համաձայն։
Հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները Կոմիտեի orgs.hesc.am համակարգով։
Մեկից ավելի hայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել hայտերի վարկանիշային ցանկ՝ ըստ կազմակերպության առաջնահերթությունների։
Գիտական սարքեր/սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կարող է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։
Հայտը հաստատվելու դեպքում կազմակերպությունը Կոմիտեի հետ կնքում է ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիր և կազմակերպում է գնման գործընթացը։ Գնված սարքերի/սարքավորումների տնօրինման իրավունքը պատկանում է Կազմակերպությանը։
Վերջնաժամկետը 2024 թվականի հունիսի 14-ն է:
Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ
Այս մրցույթին ևս կարող են հայտ ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները Կոմիտեի orgs.hesc.am համակարգով։
Հայտը ներկայացնում է այն Կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։
Այս մրցույթի դեպքում գնման գործընթացը կազմակերպելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետև դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը: Համաֆինանսավորում չի նախատեսվում։
Ի տարբերություն առաջին մրցույթի՝ այս դեպքում հայտի ընդհանուր գումարը պետք է կազմի առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում ներառված յուրաքանչյուր սարքի/սարքավորման արժեքը պետք է կազմի առնվազն 5 միլիոն դրամ։
Վերջնաժամկետը 2024 թվականի հունիսի 14-ն է:
Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեից՝ զանգահարելով 010-210-140 (*113, տեխնիկական հարցերով՝ *108):