Հայագիտական միջազգային կոնգրեսը կմիավորի աշխարհի առաջատար հայագետներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամը հուլիսի 19-22-ը կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրես (ծրագիրը):
Կոնգրեսը կանցկացվի Մատենադարանում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որին կմասնակցեն 16 երկրից Հայաստան ժամանած հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ (Անթիլիաս, Զմմառ, Վենետիկ, Վիեննա, Երուսաղեմ):
Հուլիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել են Հայագիտական միջազգային կոնգրեսի ծրագիրը, նպատակն ու հիմնական ուղղությունները:
Հայագիտության ռազմավարության մշակում
Հայագիտական միջազգային կոնգրեսի անցկացման նպատակն է միջազգային մակարդակում հայագիտությանը համակարգված բնույթ հաղորդելը, որն էլ իր հերթին կնպաստի աշխարհում գործող հայագիտական կենտրոնների գործունեության զարգացմանն ու կենսունակությանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանին նախաձեռնության համար՝ որպես հայագիտության ուղղությամբ միջոցառումների համակարգող հարթակ: Այս առումով նա կարևորել է առաջիկայում նախատեսվող Հայագիտական միջազգային կոնգրեսում ծավալվող քննարկումները, որոնք առաջին հերթին օգնելու են իրականացնել Կառավարության ծրագրով սահմանված Հայագիտության ռազմավարության մշակումը:
«Այս կարևոր անելիքի շրջանակում մենք կարիք ունենք լսելու այն մարդկանց, որոնք ներգրավված են տարբեր երկրներում իրականացվող այդ աշխատանքներում: Մեզ համար առաջնային է լսել, հասկանալ բոլոր դիտարկումներն ու առաջարկները և հանդես գալ հայագիտության մի համապարփակ ռազմավարությամբ: Հայագիտության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Ունենք նաև պետական բյուջեով ֆինանսավորվող առանձին ծրագրեր, որոնք իրականացվում են տարբեր երկրների բուհերում հայագիտական կենտրոններ ստեղծելու ուղղությամբ: 2024 թ. դրությամբ ունենք պետական բյուջեից ֆինանսավորվող 12 պետությունների 15 բուհերում կազմակերպվող հայագիտական կենտրոններ, որոնց գործունեությունը շատ կարևոր է հայագիտության զարգացման և տարածման գործում: Ուրախ եմ, որ կոնգրեսին լինելու է նաև կենտրոնների մասնակցությունը, ինչը թույլ կտա ավելի մեծ շրջանակի մեջ տեսնել նրանց գործունեությունը»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայագիտական ցանցային համալսարանի ստեղծում
Նախարարն իրազեկել է նաև հայագիտական ցանցային համալսարանի ստեղծման մասին, որի նպատակն է փոխկապակցել բոլոր կենտրոնների գործունեությունը և ձևավորել համագործակցություն տարբեր օղակների միջև:
«Առանց հասարակագիտության և հումանիտար մտքի համարժեք զարգացման տեխնոլոգիական գիտությունների զարգացումը որևէ առաջընթաց չի կարող գրանցել: Վերջին տարիների մարտահրավերները ցույց են տալիս, թե ինչ կարևոր է ինքնաճանաչումը, և հայագիտությունը դրա լավագույն ձևերից մեկն է: Հենց այդ գիտելիքի շերտով է, որ կարողանում ենք ինքներս մեզ նորովի բացահայտել, հասկանալ իրավիճակները, ճանաչել խնդիրները, տեսնել այն ճանապարհները, որոնցով կարող ենք գնալ խնդիրների լուծման նպատակով»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է հայագիտության գիտական և հետազոտական հարթակի հետագա զարգացման միտումը՝ շեշտելով արծարծվող հարցերը կրթական համակարգին փոխանցվելու կարևորությունը: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ Հայագիտական կոնգրեսի գործունեությունը ծավալվելու է ոչ միայն Երևանում, այլև մարզերում:
Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ կոնգրեսը խթան կհանդիսանա հայագիտության զարգացման համար, կնպաստի ոլորտում երկխոսության կայացման ուղղությամբ կարևոր ծրագրերի մեկնարկին և կլինի շարունակական:
Կոնգրեսը միավորել է աշխարհի բոլոր խոշոր համալսարանների հայագետներին
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում միավորել է աշխարհի բոլոր խոշոր համալսարանական գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մասնագետներին. «Այն մեծ հնարավորություն կստեղծի քննարկելու և ձևավորելու հայագիտության միջազգային դիրքավորման, առաջընթացի, հայագիտության միջազգային օրակարգին առնչվող հարցեր: Ակնկալիքները մեծ են, քանի որ կոնգրեսին մասնակցում են Օքսվորդի, Հարվարդի, Ժնևի, Վենետիկի, Բոլոնիայի, Սորբոնի, Հռոմի Լա Սապիենցա, Կահիրեի, Համբուրգի, Մյունխենի, Զալցբուրգի, Վիեննայի և այլ հեղինակավոր համալսարանների օտարազգի անվանի հայագետները: Քիչ առաջ ավարտվեց նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ հանդիպումն աշխարհի խոշոր ձեռագրական հոգևոր կենտրոնների՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Վենետիկում Մխիթարյան Միաբանության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի, Վիեննայի Մխիթարյան Միաբանության, Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության, Պոլսի Հայոց Պատրիարքարանի ներկայացուցիչների հետ: Սա պատմական հանդիպում էր, որը հնարավորություն տվեց լսելու բոլոր ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին և հարցերն ընդգրկել կոնգրեսի օրակարգ»:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի նշմամբ՝ Հայագիտական միջազգային կոնգրեսն իր տեսակի մեջ առաջին հարթակն է, որը կմիավորի աշխարհի բոլոր առաջատար հայագետներին:
«Ըստ էության, կստեղծվի մի հարթակ, որտեղ տեղի կունենա մտքերի արդյունավետ փոխանակում, ինչպես նաև կուրվագծվեն ոլորտի զարգացման ուղենիշները՝ հետադարձ կապ ապահովելով պետական քաղաքականության հետ»,- ասել է Սարգիս Հայոցյանը:
Կոմիտեի նախագահի խոսքով՝ ներկայում ոլորտային պետական քաղաքականությունը մի քանի ուղղությամբ է զարգանում, որոնցից առավել կարևոր է նաև գիտության միջազգայնացումը: Ըստ Սարգիս Հայոցյանի՝ բացառություն չէ նաև հայագիտությունը. ոլորտը զարգացման համար պետք է ունենա միջազգային հայեցակարգ. «Այդ տեսանկյունից հարթակի գործունեությունը շատ կարևոր է, և հուսով ենք, որ այն կունենա պարբերական բնույթ՝ ոլորտի հարցերն ու խնդիրները քննարկելու համար»:
Հայագիտական միջազգային ամենամյա կոնգրեսը միտված է դառնալ այն հարթակը, որտեղ կքննարկվեն բոլոր խնդիրները, կմշակվեն հայագիտության զարգացման ուղիները, կամրապնդվեն կապերը Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում գործող գիտական հաստատությունների միջև, այլ կերպ ասած՝ կոնգրեսը կդառնա հայագիտության միջազգային օրակարգ ձևավորող, գիտական և տեղեկատվական ռազմավարություն մշակող հարթակ:
Նշենք, որ կոնգրեսի շրջանակում հուլիսի 19-ին Մատենադարանի հարակից տարածքում կկազմակերպվի միջազգային հայագիտական գրատոն (էքսպո), հուլիսի 20-ին Մատենադարանի թանգարանում կբացվի «1 տարվա հավերժություն» խորագրով ցուցադրություն, այնուհետև տեղի կունենա բացօթյա համերգ՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի։ Հայագիտական միջազգային առաջին կոնգրեսի շրջանակում Տաթևում կազմակերպվելու են նաև Մատենադարանի հեղինակած «Սյունյաց հոգևոր միջնաբերդը․ Տաթև» խորագրով պատկերագրքի և MEMAS (Medieval and Early Modern Armenian Studies) օտարալեզու գիտական հանդեսի շնորհանդեսները։