Գիտության կոմիտեն հայտարարում է Փորձարարական մշակումների նախագծերի մրցույթ
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է Փորձարարական մշակումների նախագծերի (Experimental Development Projects) հայտերի ընտրության մրցույթ:
Մրցույթը փոխարինելու է նախորդ տարիներին ՀՀ գիտության կոմիտեի կազմակերպած Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցույթներին՝ այն հիմնական տարբերությամբ, որ նախագծերը ավարտին պետք է ունենան որոշակի տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակ (ՏՊՄ, TRL):
Մրցույթի նպատակներն են՝
- աջակցել նոր տեխնոլոգիաների մշակմանը,
- աջակցել տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակի բարձրացմանը,
- նպաստել արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը,
- նպաստել գիտական և գիտատեխնիկական գործունեության սոցիալ-տնտեսական ազդեցության աճին,
- խթանել բնական, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների և ճարտարագիտության բնագավառում կիրառելի մշակումների իրականացումը,
- նպաստել գիտության և բիզնեսի միջև կապերի ձևավորմանը:
Ներկայացվող նախագծերը պետք է համապատասխանեն գիտական և գիտատեխնիկական գործունեության «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառներին:
Նախագծերի մշակման և իրականացման համար 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերը ստանալու են մինչև 30 միլիոն ՀՀ դրամ՝ 24 ամսվա համար: Նախագծերը կարող են շարունակվել ևս 12 ամսով, ինչի համար կտրամադրվի ևս մինչև 15 միլիոն ՀՀ դրամ:
Նախագծերը պետք է ունենան առնվազն 6 միլիոն ՀՀ դրամ համաֆինանսավորում ոչ պետական կազմակերպության կողմից, վերջինս պետք է հետաքրքրված լինի նախագծի վերջնարդյունքի կիրառությամբ:
Հայտերն ընդունվում են grants.scs.am առցանց համակարգի միջոցով՝ մինչև 2022 թ. նոյեմբերի 25-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական մշակումների պատվերի ձևավորման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին, ժամը 14:00 - 17:00, հեռ.` 210 140 (105):