Գիտական ներուժի ֆրակցիոնալ ցուցիչի կիրառում. ներկայացվեցին հայ-իտալական ծրագրի արդյունքները
Հոկտեմբերի 18-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Իտալիայի Տոր Վերգադա համալսարանի պրոֆեսոր Անդրեա Դը Անջելոյի և հայկական կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանի հետ:
Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Դը Անջելոն ներկայացրեց «Հայաստանյան հետազոտությունների գնահատման համակարգի մշակում՝ հիմնված գիտաչափական մոտեցման վրա» հայ-իտալական ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
Նա մասնավորապես ներկաներին ծանոթացրեց STEM ոլորտում կիրառվող գիտական ներուժի ֆրակցիոնալ (FSS - Fractional Scientific Strength) ցուցիչի հետ: Այն մշակել են իտալացի գիտնականներ Ջիովաննի Աբրամոն և ինքը՝ Անդրեա դը Անջելոն:
Շուշանիկ Սարգսյանը հայտնեց, որ այս ինդիկատորը օգտագործվում է Իտալիայում գիտական արդյունքի գնահատման համար, այն նաև կիրառվել և թեստավորվել է Նորվեգիայի համալսարանների համար:
Իտալացի պրոֆեսորը հայտնեց, որ սույն ցուցիչի հիման վրա վերոնշյալ ծրագրի շրջանակում իրականացվել է ուսումնասիրություն՝ ուղղված հայաստանյան մի շարք բուհերի և գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատմանը: Նա նաև համեմատության մեջ ներկայացրեց Հայաստանի և Իտալիայի բուհերի և գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատման արդյունքները:
Շուշանիկ Սարգսյանը մանրամասնեց, որ հետազոտության արդյունքում ներկայացված վարկանիշային աղյուսակները հիմնված են այն տվյալների վրա, որոնք իրենք հավաքագրել են Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանից, ինչպես նաև այն տեղեկատվության հիման վրա, որ տրամադրել են առանձին գիտական կազմակերպություններ և բուհեր: Նրա խոսքով հետազոտությունն իրականացնելիս դժվարություն են ունեցել գիտական կազմակերպություններից տվյալներ ստանալու հարցում, ինչի հետևանքով էլ ստացված արդյունքները ամբողջական չեն: