Կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը
2022 թվականի նոյեմբերի 16-ին ք. Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը:
Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Համատեղ կոմիտեն համանախագահում են հայաստանյան կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսիին: Որպես ՀՀ կողմից Համատեղ կոմիտեի անդամներ ներգրավված են ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանը: Նիստին ներկա էր նաև Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության խորհրդական Նիկոլայ Սահակովը։
Նիստի մեկնարկին ընդառաջ Ա. Մարտիրոսյանը և Ա. Հագլունդ-Մորիսիին ստորագրեցին Համատեղ կոմիտեի գործունեության կարգն ու ընթացակարգերը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, որոնք բխում են Հայաստանի՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության մասին համաձայնագրի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսական ներդրման կանոնները, ՀՀ 2021-2022 թթ. մասնակցության արդյունքները, ծրագրի ազգային կոնտակտային անձանց և ծրագրային կոմիտեների անդամների գործունեությունը, 2023-2024 թթ. աշխատանքային ծրագիրը, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության ակտիվացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ինչպես նաև մի շարք հարցեր, որոնք առնչվում են ՀՀ գիտական համայնքի՝ Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման գործընթացների խթանմանը, մասնավորապես՝ ԵՄ «Քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակում փորձագիտական երաշխավորությունների ներդրման ընթացքին ու Արևելյան գործընկերության հետազոտությունների և նորարարության աշխատանքային խմբի գործունեության շրջանակում ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այժմ իրականացվում են ՀՀ գիտության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների ծրագրեր, և ՀՀ կառավարությունը մեծապես նպաստում է դրանց իրականացմանը: Ս. Հայոցյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված գիտության ոլորտի միջոցառումները, դրանց ընթացքն ու հետագա քայլերը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ նոյեմբեր ամսվա դրությամբ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ կողմից ներկայացվել է 41 հայտ, որոնցից 5-ն արդեն իսկ երաշխավորվել են ֆինանսավորման ՀԵ տարբեր մրցույթների շրջանակներում, իսկ 3 ծրագրեր հաստատման վերջնական փուլում են: Կոմիտեի համանախագահները հատկանշական համարեցին հատկապես Եվրոպական հետազոտական տարածքի ընդլայնման և գերազանցության տարածման (ERA Chair), ինչպես նաև Հետազոտական ենթակառուցվածներ (Pillar1, Excellent Science) ենթածրագրերի գծով ՀՀ մասնակցության հաջողությունը: Նշված ուղղություններով մասնակցությունը հնարավորություն է ընձեռում հետազոտական կարողությունների զարգացման, ինչպես նաև հետազոտական ենթակառուցվածքներում բարձր որակավորում ունեցող գիտական ներուժի ընդգրկման համար: Մասնավորապես՝ Ա. Մարտիրոսյանը և Ս. Հայոցյանը ընդգծեցին ՀՀ ԳԱԱ L. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում ERA Chair ենթածրագրում ՀՀ ներկայացրած հայտի հաջողությունը, որի բյուջեն շուրջ 2,5 մլն եվրո է, իսկ ծրագրի տևողությունը՝ 5 տարի: Կողմերն արձանագրեցին, որ 2021-2022 թթ. մասնակցության ցուցանիշները (ՀՀ հաջողության գործակից` 15,56 %) գերազանցում են ԵՄ Հորիզոն 2020 շրջանակային ծրագրին մասնակցության երկամյա արդյունքները:
«Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության խթանման առումով հատկանշական է ազգային կոնտակտային անձանց և ծրագրային կոմիտեների անդամների ակտիվ ներգրավվածությունը, որի ուղղությամբ ևս ՀՀ գիտության կոմիտեի և «Գիտության և նորարարությունների գործընկերության աջակցության կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ իրականացվում են մի շարք միջոցառումներ:
Ա. Մարտիրոսյանն ընդգծեց նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության ակտիվացման և ՀՀ գիտական համայնքի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման ուղղությամբ Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ու համատեղ տարվող աշխատանքների շարունակականության կարևորությունը: Մասնավորապես ընդգծվեց Եվրոպական Միության կողմից ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցության շրջանակներում «Հորիզոն Եվրոպա» ծրագրին մասնակցության վճարի 50 տոկոս փոխհատուցման հարցը, ինչը հնարավորություն կստեղծի ՀՀ գիտական համայնքի «Հորիզոն Եվրոպա» տարբեր ենթածրագրերում առավել լայն ընդգրկման համար:
Նիստի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրով նախատեսված փոխադարձության սկզբունքի ներքո ՀՀ կողմից իրականացվող ծրագրում ԵՄ իրավաբանական անձանց մասնակցության հնարավորությունների ստեղծման հարցին: Ս. Հայոցյանը ներկայացրեց այն հնարավոր ծրագրերը, որոնց պայմանների ուղղությամբ կտարվեն որոշակի աշխատանքներ փոխադարձության սկզբունքի ապահովման համար:
Կողմերը կարևորեցին նաև ՀՀ մասնակցությունը Եվրոպական հետազոտական տարածքի ֆորումի տարբեր աշխատանքային խմբերում:
Քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին գործառնական եզրակացություններ, որոնց շրջանակներում կշարունակվեն համագործակցության զարգացմանը միտված աշխատանքները:
Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի 2-րդ նիստը կանցկացվի 2023 թվականին Երևանում: