ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Խորքային երկխոսություն՝ բարձրագույն կրթության ոլորտի միջազգայնացման գործում անդրազգային կրթության դերի վերաբերյալ

18.11.2024
image descriptionimage descriptionimage descriptionimage description

2024 թվականի նոյեմբերի 12-ից 14-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԲԿԳՔՎ միջազգային համագործակցության բաժնի պետ Մարիանա Սարգսյանը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հրավերով մասնակցեցին գլոբալ կրթական ծրագրերի շրջանակում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Խորքային երկխոսություն (Deep Dialogues) 2024. Անդրազգային կրթություն. խորքային հայացք դեպի անդրազգային կրթությունը կանոնակարգող միջավայր և քաղաքականություն» խորագրով միջոցառմանը, որն այս տարի տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքում:

Գլոբալ երկխոսության հասկացույթի հենքով իրականացվող այս միջոցառման ընթացքում թիրախային քննարկումներ են ծավալվել համաշխարհային մակարդակով բարձրագույն կրթության ոլորտի վրա ազդեցություն ունեցող առանցքային թեմաների շուրջ:

Գլոբալ երկխոսության միջոցառումների շարքն իրականացվում  է Բրիտանական խորհրդի կողմից Միացյալ Թագավորության և օտարերկրյա ոլորտային փորձագետների հետ համագործակցությամբ՝ այս տարի ներգրավելով 18 պետությունների բարձրագույն կրթության պետական քաղաքականության մշակման և ոլորտի միջազգայնացման համար պատասխանատու գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների:

Միջոցառումն ուղղված է եղել ոլորտը կարգավորող արդիական և կիրառելի իրավական շրջանակների, քաղաքականության, մոտեցումների, մոդելների և ծրագրերի շուրջ տեղեկատվության, տվյալների և փորձի փոխանակմանը՝ կարևորելով անդրազգային կրթության և միջազգայնորեն ճանաչելի որակավորումների վերաբերյալ մատչելի մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը  ելույթով է հանդես եկել «Բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների ներկայիս փորձառությունը և ոլորտի զարգացման տեսլականը» խորագրով քննարկման ընթացքում:

Իր ելույթում նախագահը ընդգծել է ուսանողների փորձառության վրա ազդող գործոնները, առկա մարտահրավերները և  լայնամասշտաբ բարեփոխումներ իրականացնելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի նպատակները, որոնցով նախատեսվում է ոչ միայն մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացում, այլև ուսանողներին ժամանցի և անձնական աճի ավելի լայն հնարավորությունների ընձեռում։

Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Լոնդոնի արվեստների համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ կնքված պայմանագրերին՝  Ս. Հայոցյանը նշեց, որ անդրազգային կրթության տարբեր մոդելների ներդրման հարցը կքննարկվի նաև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Ակադեմիական քաղաքի տարբեր կլաստերների ձևավորման աշխատանքների շրջանակում:

Միջոցառման  ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բարձրագույն կրթության միջազգայնացման գործընթացի հիմնական մարտահրավերներին և դրանց հնարավոր լուծումներին՝ նպատակ ունենալով ստեղծել ոլորտային համագործակցության ցանցեր և գիտելիքի փոխանակման ակտիվ համայնքներ: