ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջազգային գիտատեղեկատվական ցանցն արդեն հասանելի է գիտական հանրությանը

12.11.2010

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Springer գիտատեղեկատվական հրատարակչության հետ համագործակցության եւ Գրադարանային կոնսորցիումի գործունեության վերաբերյալ սեմինար:

 

Սեմինարի ընթացքում կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ համաշխարհային գիտական ճանաչում ունեցող Springer հրատարակչության հետ ս.թ. նոյեմբերի 23-ին երկարատեւ բանակցությունների արդյունքում կնքվելու է անդամակցության պայմանագիր՝ համաձայն որի Հայաստանի բոլոր պետական գիտական հիմնարկությունները հնարավորություն կստանան անվճար օգտվելու տվյալ հրատարակչության ծառայություններից: Ինչն էլ ենթադրում է մոտ 1700 գիտական ամսագրերից եւ 5 տարի տեւողությամբ գիտական գրականությունից սեփականության իրավունքուվ օգտվելու հնարավորություն: Այդ պայմանագրի շրջանակներում ՀՀ գիտական կազմակերպությունները կկարողանան օգտվել, ինչպես նաեւ ներբեռնել Springer հրատարակչության գիտական գրականությունը՝ ստեղծելով սեփական վիտուալ էլեկտրոնային գրադարանները: Պարոն Հարությունյանը նշեց, որ նմանատիպ ծառայությունները տրամադրվում են մոտավորապես 1 մլն 500 հազար ԱՄՆ դոլարով, սակայն Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է տրվել այդ ծառայություններից օգտվել՝ վճարելով միայն այդ գումարի 10 %-ը՝ 150 հազար ԱՄՆ դոլար:

 

Springer հրատարակչության հետ աշխատանքները Հայաստանում համակարգելու է Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումը, որը հանդիսանում է Միջազգային գրադարանային կոնսորցիումի անդամ: Գիտական կազմակերպությունները, Էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին անդամակցելու համար պետք է վճարեն տարեկան ընդամենը 50-60 հազար դրամ անդամավճար: Այս առումով էլ պարոն Հարությունյանն ավելացրեց, որ հետագայում գիտական հիմնարկներին կտրամադրվեն լրացուցիչ միջոցներ՝ կոնսորցիումի անդամավճարները վճարելու նպատակով:

 

Վերջում կոմիտեի նախագահն ավելացրեց, որ 2012 թվականին նախատեսվում է որպես պետական նպատակային ծրագիր ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ-ում «Գրիդ» գրադարանային վիրտուալ ցանց ստեղծելու նախագիծ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին