Փորձագետները կգնահատեն Հայաստանի գիտության ոլորտը
Հունվարի 21-ից 23-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ներկայացուցիչները կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի գլխավորությամբ մեկնել էին Աթենք՝ մասնակցելու Արևելյան գործընկերության (IncoNet EaP) և Կենտրոնական Ասիայի (IncoNet CA) միջազգային համագործակցության ցանցի նախագծերի շրջանակներում գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության փորձագիտական գնահատմանը նվիրված անդրանիկ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում, Վրաստանում և Ղրղզստանում գիտության ոլորտի փորձագիտական գնահատման նպատակի, բովանդակության ու կազմակերպման հետ կապված խնդիրներ: Հայաստանի, Վրաստանի և Ղրղզստանի պատվիրակությունները ներկայացրել են ամփոփ տեղեկատվություն իրենց երկրներում գիտության և հետազոտությունների ոլորտի ներկա վիճակի, մշակվող քաղաքականության, իրականացվող ռազմավարական ծրագրերի, մարդկային ռեսուրսների, միջազգային համագործակցության մակարդակի, ֆինանսավորման ոլորտում առկա խնդիրների և հետագա անելիքների մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գիտության և հետազոտությունների ոլորտի փորձագիտական գնահատումն իրականացնող խմբի առաջին այցը Հայաստան կազմակերպել 2015 թվականի մարտի 16-20-ը: Ճշգրտվել են կազմակերպությունների ցանկը և պաշտոնատար անձանց շրջանակը, որոնց հետ այցի ընթացքում կկազմակերպվեն հանդիպումներ և քննարկումներ: Պարոն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի գիտության ոլորտի ընդհանուր փորձագիտական խմբի ղեկավարի հետ, քննարկվել են անելիքները, գնահատման վերաբերյալ զեկույցի կազմման աշխատանքները՝ ըստ փուլերի և ժամկետների:
Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանի գիտության ոլորտի ընդհանուր փորձագիտական գնահատման վերաբերյալ զեկույցը պատրաստ կլինի 2015 թվականի հունիսի վերջին: