ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կոմիտեի քարտուղարն ու նրա տեղակալը շրջայց են կատարել ԵՊՀ բազային լաբորատորիաներով

19.01.2024

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ համալրվել է ԵՊՀ մի շարք լաբորատորիաների նյութատեխնիկական բազան: Լաբորատոր ենթակառուցվածքների բարելավման, ինչպես նաև նորագույն սարքավորումներով վերազինման նպատակով ԵՊՀ-ն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և լուծում այնպիսի խնդիրներ, որոնք ուղղված են կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, նորարարական հետազոտությունների կատարմանը և գիտության զարգացմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը և քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը շրջայց կատարեցին ԵՊՀ բազային լաբորատորիաներով ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի առաջնորդությամբ: Նրանք ծանոթացան «Գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրում» մրցույթի շրջանակում ձեռք բերված և համապատասխան լաբորատորիաներում տեղադրված սարքավորումներին՝ պարզելու, թե որքանով են դրանք նպաստում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Ռաֆայել Բարխուդարյանը, անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ համագործակցությանն ու դրա շրջանակում տրամադրված ֆինանսական աջակցությանը, նշեց, որ ֆինանսավորման այս ծրագիրն աննախադեպ է:

«Ներկայում գիտության տարբեր ոլորտներում հետազոտական աշխատանքների կատարման որակը պայմանավորված է այն սարքավորումներով, որոնցով աշխատում են հետազոտողները: Չափումների ճշգրտությունը, հետազոտվող նյութի մաքրությունը, ինչպես նաև կատարվող այլ հետազոտություններն առավել բարձր մակարդակի են հասել նորագույն սարքավորումների շնորհիվ: Այսօրինակ գործակցային կապերը պահելու և ամրապնդելու դեպքում մեր լաբորատորիաները կվերազինվեն գերժամանակակից այնպիսի սարքավորումներով, որոնց առկայության դեպքում որևէ խնդիր չի առաջանա նոր գիտափորձեր կատարելու և նոր գաղափարներ իրագործելու համար»,- նշեց Ռ. Բարխուդարյանը՝ հավելելով, որ ԵՊՀ-ն պարբերաբար արդիականացնում է գիտական ենթակառուցվածքները՝ ամրապնդելով ԵՊՀ-ի՝ որպես գիտահետազոտական կառույցի վարկանիշը:

Խոսելով նյութատեխնիկական բազայի համալրման կարևորությունից՝ ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը շեշտեց, որ ձեռք բերված սարքավորումները համապատասխան փաստաթղթավորումն անցնելուց հետո բերվել և տեղադրվել են բազային ինը լաբորատորիաներում:

«ԵՊՀ և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է: Այն բոլոր պարտավորությունները, որ Երևանի պետական համալսարանը ստանձնում է կոմիտեի հետ համատեղ, իրագործվում են: Հարկ է նշել, որ աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից սարքերի և սարքավորումների ձեռքբերումն ու գործարկումն անչափ կարևոր են»,- նշեց Երանուհի Մանուկյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ԵՊՀ-ն ակտիվորեն մասնակցում է սարքավորումների ձեռքբերման մրցույթներին, ինչը խրախուսելի է:

«Կրթությունն ու գիտությունը միշտ էլ փոխկապակցված են եղել, ուստի հույս ունենք, որ սարքավորումները կծառայեն ոչ միայն գիտության զարգացմանը, այլև հետաքրքրություն կառաջացնեն նաև ուսանողների շրջանում՝ գիտությամբ զբաղվելու և հետազոտություններ կատարելու»,- ասաց Լևոն Ֆարմանյանը:

Նշենք, որ ձեռք բերված սարքերը կիրառվում են և՛ գիտական հետազոտություններ կատարելու, և՛ լաբորատոր աշխատանքների միջոցով ուսումնական գործընթացի որակը բարելավելու նպատակով: ԵՊՀ ռազմավարական կարևոր առաջնահերթություններից մեկին՝ բուհի միջազգայնացմանը օժանդակելու նպատակով մասնագետները մտադիր են ոչ միայն ընդլայնելու հետազոտությունների շրջանակը, այլև մշակելու նոր գաղափարներ:

Աղբյուր՝ ysu.am