Հայաստանյան պատվիրակության այցը ԳԴՀ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրագործան հետագա քայլերի քննարկման նպատակով
2024թ. հունվարի 7-ից 12-ը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ճարտարապետաինժեներական ընկերության հրավերով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի նպատակներն էին՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի գերմանացի գործընկերների հետ հայեցակարգի իրագործան հետագա քայլերի քննարկումը, Գերմանիայում գործող նմանատիպ նախագծերին ծանոթացումը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգով նախատեսված տեխնոլոգիական կլաստերի առանցքային միջազգային գործընկերը հանդիսացող Մյունխենի տեխնիկական համալսարանի` «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUM international GmbH) կազմակերպության հետ համագործակցության հուշագրի կնքումը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի ներկայացուցիչներին ներառող համատեղ պատվիրակության կազմում Հայոցյանն այցելել է GMP ճարտարապետաինժեներական ընկերության գրասենյակ, որտեղ քննարկվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքը, վերջինիս մեջ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը ներառելու հարցը, ինչպես նաև Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի ներգրավումը «Հայֆիլմ»-ի տարածքի հայեցակարգի մշակման մեջ, որն իրականացվելու է միջազգային ուսանողական աշխատաժողովի միջոցով` Հայաստանում և Համբուրգում, որին մասնակցելու են նաև ուսանողներ Հայաստանից:
Պատվիրակության անդամներն այցելել են նաև GMP ընկերության կողմից նախագծված Բեռլինի Թիգել օդանավակայան-ինովացիոն կամպուս և Մյունխենի Գաստայգ կենտրոն, որտեղ գտնվում է նաև ժամանակակից տրասֆորմեր Իզար ֆիլհարմոնիկ համերգասրահը:
Այցի շրջանակում այցելություններ են կազմակերպվել նաև Բեռլինի Ադլերսհոֆ գիտական քաղաք, Էյնշտեյնի հիմնադրամի թվային ապագայի կենտրոն, Մյունխենի քաղաքային կոլաբ կենտրոն (Munich Urban Collab) և Մյունխենի տեխնիկական համալսարանի Գարխինգի կամպուս, ինչպես նաև վերջինիս տարածքում տեղակայված՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության կողմից հիմնադրված «Գեյթ» (Garching center for technology and founders GmbH) ստարտափների համալսարանական ինկուբատորի տարածք: Միջազգային գործընկերները ներկայացրել են ոլորտի լավագույն փորձը և պատրաստակամություն հայտնել համագործակցելու հայկական կողմի հետ Ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրականացման շրջանակներում:
Մյունխենի տեխնիկական համալսարանի Գարխինգի կամպուս կատարված այցի ընթացքում հանդիպում է կայացել համալսարանի նախկին ռեկտոր Վոլֆգանգ Հերմանի հետ. ներկայացվել են կամպուսի կառուցման պատմությունը, դրա շուրջ մի շարք բուհերի միավորման գործընթացը, նորամուծությունները, կամպուսի կառուցվածքը և կառավարման մեթոդները, խոշոր մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության պատմությունը և եղանակները:
Մյունխենի «Ուրբան Կոլաբ» կենտրոնում հանդիպում է տեղի ունեցել «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» ՍՊԸ-ի (TUM international GmbH) տնօրեն Ֆրիեդերիկե Հեթինգերի և ծրագրի ղեկավար Ջորջետա Աուկտորի հետ, ներկայացվել է TUM միջազգային ընկերության փորձը:
Այցի շրջանակում՝ հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ «Ակադեմիական քաղաք» նախագծի շարունակական զարգացման համար համագործակցային կապերի հաստատման նպատակով, որի շրջանակում նախատեսվում է խորհրդատվության տրամադրում հետևյալ հարցերում՝ տեխնոլոգիական կլաստերի կառուցվածքի մշակում, կլաստերի կառավարում, կառավարիչների վերապատրաստում, ժամանակակից բովանդակության մշակում և ակադեմիական անձնակազմի վերապատրաստում, ինչպես նաև տեղանքի կառավարման սկզբունքների մշակում: