ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր. ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

19.03.2025

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին:

Ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ն ընդունվել է բուհեր

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ ավագ դպրոցների շրջանավարտների 52,3%-ը՝ ավելի քան 10 հազար շրջանավարտ, ընդունվել է բուհեր: Խոսքը վերաբերում է միասնական և ներբուհական ընդունելություններին: Նրանց մեծ մասը՝ 61%-ը, պետության կողմից վճարի փոխհատուցմամբ սովորում է բնագիտամաթեմատիկական ուղղություններով:

Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության ծրագրերով, որտեղ գործում է ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ, 2024-2025 ուսումնական տարում բուհեր է ընդունվել 304 ուսանող՝ նախորդ ուսումնական տարում ընդունվածներից 21%-ով ավելի։ Այս քաղաքականությունը տարածվել է նաև ագրարային ոլորտի մասնագիտությունների վրա։

1,4 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթաթոշակային ծրագրին

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար մեկնարկած աջակցության ծրագրերը: Բուհերի ավելի քան 1700, իսկ քոլեջների 1400 ուսանողների համար պետությունը տրամադրել է 1,4 մլրդ դրամ ուսման վարձի փոխհատուցում:

Աղբյուր՝ escs.am