ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԱՊՀ մասնակից պետությունները կխորացնեն համագործակցությունը հիմնարար հետազոտությունների ոլորտում

19.06.2020

Հունիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովի նիստում ընդունվել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքը:
Նշված համաձայնագիրն ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ԱՊՀ անդամ յոթ պետությունների կողմից, Աշխաբադում: Համաձայնագրով նախատեսվում է հիմնարար հետազոտությունների ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գերակա ուղղություններով համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացում, դրանց փորձաքննության ժամանակակից միասնական համակարգի ստեղծում, հետազոտողների գիտական այցեր և վերապատրաստումներ, տեղեկատվության փոխանակում, համատեղ լաբորատորիաների և հիմնարար հետազոտությունների գիտական կենտրոնների ստեղծում, գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում: Համագործակցային լայնամասշտաբ ծրագրերում հատկապես կարևորվում է երիտասարդ կադրերի ներգրավումը: Նախատեսվում են նաև աշխատանքներ հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման ուղղությամբ. կմշակվեն փոխգործակցության միասնական մոտեցումներ՝ համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերին համապատասխան:
Ըստ պայմանավորվածության՝ յուրաքանչյուր կողմ կամ համաձայնագրին մասնակից պետության կազմակերպություն ինքնուրույն է հոգալու իր մասնակցության և իր աշխատակիցների մասնակցության ծախսերը այլ համատեղ գործունեության մեջ, եթե այլ բան նախատեսված չլինի հստակ պայմանավորվածությամբ:
Համաձայնագրին մասնակցությունը Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին հնարավորություն կտա խորացնել և ընդլայնել հիմնարար հետազոտությունների ոլորտում ավանդաբար գոյություն ունեցող համագործակցային կապերը և խթանել գիտական կադրերի շարժունությունը, ինչպես նաև՝ ԱՊՀ գիտահետազոտական տարածքում բարձրացնել գիտական ներուժի ներդրման մասնաբաժինը: