ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարվում է «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր - 2024» մրցույթ

19.06.2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր - 2024» մրցույթը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդմանը և զարգացմանը:

Մրցույթը նպատակ ունի խթանելու ներպետական և միջազգային համագործակցությունը, զարգացնելու գիտական կազմակերպության գիտական և գիտատեխնիկական ներուժը, ներգրավելու սփյուռքի և արտերկրի գիտական ներուժը, ներգրավելու երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, նպաստելու միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը, բարելավելու գիտական միջավայրը, ամրապնդելու նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ստորաբաժանումները, խթանելու գիտության ոլորտում մրցակցային պայմանները:

Հայտում ներառված գիտական նախագիծը կարող է լինել գիտության բոլոր բնագավառների մասնագիտություններով, նախագծի իրականացման տևողությունը 60 ամիս է:

Նախագիծը մշակում և իրականացնում է 4-7 անդամից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է ղեկավարից  և կատարողներից:

Խմբի անդամները Հայտ ներկայացնելու փուլում կարող են լինել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ:

Խմբի անդամները Նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ռեզիդենտներ, ինչպես նաև Նախագծի իրականացման ընթացքում բնակվեն Հայաստանի Հանրապետությունում:

Հայտը ներկայացնում է Խմբի ղեկավարը

Խմբի ղեկավար կարող է լինել այն անձը, ով՝

-         ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո,

-         ունի գիտական աստիճան,

-         Կազմակերպությունում 2024 թվականի հուլիսի 26-ի (Հայտերի ընդունման վերջնաժամկետի) դրությամբ առնվազն վեց ամիս զբաղեցնում է Ստորաբաժանման ղեկավարի պաշտոն:

Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է ծնված լինեն 1989 թվականի հունվարի 1-ից հետո և կարող են լինել բակալավրիատի առնվազն երրորդ կուրսի ուսանողներ:

Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր (Foreign Partner, Collaborator):

Մրցույթին մասնակցելու հայտն անհրաժեշտ է ներկայացնել Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով՝ https://grants.hesc.am: 

Ուշադրություն. Առցանց համակարգով հայտերի մուտքագրումը հասանելի կլինի 2024թ. հուլիսի 5-ից:

Առցանց դիմելու վերջնաժամկետը 2024թ․ հուլիսի 26-ն է: Ֆինանսավորման մեկնարկը նախատեսվում է 2024թ․ նոյեմբերից։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից՝ զանգահարելով 010-210-140 (*113) կամ տեխնիկական հարցերով՝ 010-210-140 (*108):

Մրցույթի հրավերի փաթեթը