ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ

19.09.2021

Սեպտեմբերի 16-ին Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտեցին բանակցությունները «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe-the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ։ Բանակցություններին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական հանձնաժողովի՝ հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռատսոն։
Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության եկան ասոցացման համաձայնագրի շուրջ և երկուստեք հույս հայտնեցին, որ համաձայնագրի ստորագրման և վավերացման ներքին ընթացակարգերը կհասնեն իրենց ավարտին սահմանված ժամկետներում։
Միանալով վերոնշյալ ծրագրին՝ Հայաստանի Հանրապետությունը կնպաստի Հայաստանում գիտական ներուժի զարգացմանը, մեր գիտական համայնքին տրամադրելով տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ։
«Հորիզոն Եվրոպա» ծրագիրն Եվրոպական միության ամենամեծ ֆինանսավորում՝ 95,5 մլրդ եվրո ունեցող գիտական համագործակցության ծրագիրն է։ Այն փոխարինելու է «Հորիզոն 2020» ծրագրին, որին Հայաստանը հաջողությամբ մասնակցել է 2016-2020թթ.։