Միջազգային գիտաժողովի և ժամանակավոր ցուցադրության բացում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Սեպտեմբերի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում մեկնարկել է «Համակենտրոնացման ճամբարները Հայոց ցեղասպանության տարիներին. ճանապարհ դեպի մահ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդել է «Ճանապարհ դեպի մահ. Հայոց ցեղասպանության թեման կերպարվեստում» խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը:
Այս ցուցահանդեսում ներկայացված են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուում պահվող ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ համեմատաբար քիչ հայտնի նկարիչների գործեր: Ընտրվել են ցեղասպանության միայն մեկ դրվագը՝ հայերի բռնի տեղահանության ընթացքն ու հետևանքները ներկայացնող հայ և օտարազգի գեղանկարիչների գործերը: Ցուցադրված են հունգարացի գեղանկարիչ Գեռո Դադայի, ռուս Կոնստանտին Իստոմինի, ֆրանսիացի Ժան-Լուի Ֆորանի, ֆրանսահայ մեծանուն նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան), ստամբուլահայ Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), լիբանանահայեր Րաֆֆի Թոքատլյանի և Ռաֆֆի Ետալեանի, բելգիահայ Սամվել Ասլանյանի, ֆրանսահայ Ժան-Պիեռ (Հարություն-Պետրոս) Սեֆերյանի, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի և այլ արվեստագետների գործեր: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված է 26 արվեստագետի 33 գործ, որից 19-ը գեղանկարներ են, 14-ը՝ գրաֆիկական աշխատանքներ:
Միջազգային գիտաժողովն ու ժամանակավոր ցուցադրությունն իրականացվում են Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: Ցուցադրությունը գործելու է մինչև 2024 թ. ապրիլի 20-ը:
Մանրամասները՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից