ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կայացավ «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովը

19.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոյեմբերի 18-ին կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։

Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, կրթության ոլորտի, այդ թվում՝ միջազգային և սփյուռքի տարբեր կառույցների ավելի քան 70 ներկայացուցիչ։

Համաժողովի շրջանակում անցկացվել է կրթական էքսպո, որի ընթացքում կրթական, սփյուռքի և ՏՏ 9 կազմակերպություններ ներկայացրել են իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը և կրթական բարեփոխումների առաջխաղացմանը։

Երկրորդ անգամ անցկացվող այս համաժողովն արդեն դարձել է մի ձևաչափ, որով նախարարությունը հրավիրում է զարգացման գծով իր գործընկերներին՝ քննարկելու ոլորտի առաջընթացն ու առկա խնդիրները, լսելու փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև երկխոսության միջոցով առաջարկներ ստանալու և համադրելու ռեսուրսները հետագա քայլերի համար։

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է կրթության ոլորտում կարևոր անելիքների շուրջ քննարկումների հնարավորությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Եվրոպական միության գործընկերներին համատեղ ջանքի համար: Անդրադառնալով համաժողովի վայրի ընտրությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն պատահական չէ ընտրված. «Հանրակրթության ոլորտի կարևորագույն բարեփոխումները և հանրակրթության չափորոշչի փորձարկումը սկսել ենք հենց Տավուշի մարզից, և դրանք բոլորովին հեշտ ժամանակներ չէին: Երբ ամբողջ աշխարհը համավարակի պայմաններում կրթության շարունակականության խնդիր էր փորձում կարգավորել, կարծես խենթություն էր այդ պայմաններում բարեփոխումների գործընթաց մեկնարկելը: Այդ դժվարությունների համատեքստում կարողացանք գործընթացը մեկնարկել, և դա, իհարկե, համատեղ աշխատանք էր, որովհետև հանրակրթության չափորոշչի բարեփոխումների ծրագիրն իրականացրել ենք Եվրոպական միության գործընկերների և Համաշխարհային բանկի աջակցությամբ»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ երկու տարի առաջ Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը հիմնական ռազմավարական փաստաթուղթն է կրթության ոլորտում: Նրա խոսքով՝ երկու տարվա արդյունքներին հետհայացք գցելով՝ պարզ է դառնում, որ որոշակի փոփոխությունների կարիք կա գործողությունների ծրագրում և սահմանված մոտեցումներում, որպեսզի արդեն իսկ ելնելով դրա իրականացման ընթացքից՝ կատարվեն անհրաժեշտ խմբագրումներ ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն իր զեկույցում ներկայացրել է բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների ընթացքը և արդի իրավիճակը: Բարձրագույն կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունների շարքում Հայոցյանն ընդգծել է ոլորտի մրցունակության բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ուսանողի լավագույն կրթական փորձառության ապահովման և ավելի որակյալ կրթական ծառայությունների մատուցման, ինչպես նաև հետազոտական և փորձարարական անհրաժեշտ ենթակառուցվածքների երաշխավորման անհրաժեշտությունը՝ կարևորելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրականացումը վերոնշյալ թիրախների ապահովման նպատակով: «2020 թվականից ի վեր գիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնողական քաղաքականությունը արտահայտվեց նաև ոլորտի ֆինասնավորման աճի տեսքով. այս տարվա ֆինանսավորումը կազմել է 40.2 մլդ դրամ, ինչը մոտ 2.8 անգամ ավելին է, քան 2018 թվականին: Միաժամանակ, իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում ընդգծվեց ոլորտում սերնդափոխության ապահովման անհրաժեշտությունը, որը սերտորեն կապված է բարձրագույն կրթության ոլորտի մրցունակության բարձրացման հետ»,- իր զեկույցում նշել է Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է սփյուռքի հետ տարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ նախատեսվում են բազմաթիվ ծրագրեր։ Նա ներկայացրել է նաև Կրթության զարգացման պետական ծրագրով իրականացված բարելավման քայլերը՝ կապված օտարերկյա ուսանողների ընդունելության հետ։
Մասնավորապես՝ ներդրվել է օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային համակարգ, ինչպես նաև բարելավվել է օտարերկրյա ուսանողների ակադեմիական շարժունության և տեղափոխման կարգը։

Աղբյուրը՝ escs.am