ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կկազմակերպվեն միջազգային բազմակողմ մրցույթներ

15.09.2016

Սեպտեմբերի 14-ին Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի նախաձեռնությամբ հրավիրվել է առցանց աշխատանքային գիտաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լ. Մարդոյանն ու Գիտական  գործունեության կազմակերպման վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ Մ. Սարգսյանը:

Առցանց հանդիպման ժամանակ Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի անդամ-երկրների ներկայացուցիչները քննարկել են ասոցիացիայի շրջանակներում պիլոտային մրցույթի անցկացման հետ կապված հարցեր: Մասնավորապես, քննարկվել են մրցույթի անցկացման ձևաչափն ու ժամկետները, ոլորտները, ֆինանսավորման ծավալները և այլ հարցեր: Առաջարկվել է պիլոտային մրցույթն անցկացնել 2017 թ. ընթացքում, ընտրված ծրագրերի ֆինանսավորումն սկսել 2018 թ.-ից, իսկ ծրագրերի տևողությունը սահմանել 2-3 տարի: Մրցույթներին մասնակցել կարող են գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող պետական կազմակերպությունները: Մրցույթին հայտ ներկայացնող խմբում պետք է ընդգրկված լինեն մասնակիցներ առնվազն 3 պետություններից:  

Առցանց խորհրդակցության ընթացքում պարոն Մարդոյանի կողմից առաջարկություն է արվել մրցույթի շրջանակներում ֆինանսավորել ոչ միայն հիմնարար, այլև կիրառական բնույթի ծրագրեր:

Մրցույթներն անցկացվում են 2016 թ. հուլիսի 1-ին Մոսկվայում կնքված «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիա ստեղծելու մասին» մտադրությունների հուշագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ Ասոցիացիայի անդամ են Եվրասիական տարածաշրջանի վեց պետություններ` Հայաստան, Բելառուս, Վիետնամ, Ղրղզստան, Մոնղոլիա և Ռուսաստան: Հուշագրով նախատեսվում է անցկացնել բազմակողմ գիտահետազոտական նախագծերի մրցույթներ` կողմերի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող, սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող և եվրասիական տարածաշրջանի հիմնական մարտահրավերների լուծմանն առնչվող ոլորտներում: