ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ցավակցական

14.11.2017

Խորին ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի նախկին տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր, ինստիտուտի Գեոմոնիտորինգի և գեոարխեոլոգիայի լաբորատորիայի վարիչ Արկադի Ստեփանի Կարախանյանը:

Արկադի Կարախանյանը ոչ միայն բազմավաստակ գիտնական էր ու գիտության կազմակերպիչ, այլև` հազվագյուտ համեստության և պարկեշտության տեր անձնավորություն: Նա բազմաթիվ աշխատությունների և մենագրությունների հեղինակ էր, ազնվասիրտ մտավորական, ընդգծված անհատականություն, մեծահոգի, սրտացավ ընկեր ու հիանալի մարդ:

Կարախանյանի վաստակը անգնահատելի է հատկապես բնական վտանգների գնահատման և կանխարգելման բնագավառում: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նրա ու իր ղեկավարած գիտական թիմի աշխատանքների արդյունքում կազմվեցին ժամանակակից միջազգային պահանջներին համապատասխանող ակտիվ տեկտոնական, սեյսմատեկտոնական քարտեզներ: Նրա ղեկավարությամբ ստեղծված նոր սմեյսմատեկտոնական մոդելը, որը ներառում էր ակտիվ խզվածքների սեգմենտների վտանգի գնահատականներ, հանդիսացավ Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն կառույցների սեյսմա-անվտանգ շինարարության հիմքը: Նրա գործունեության, ցավոք, վերջին շրջանում ակնառու էր արխեոսեյսմալոգիայի բնագավառում ձեռքբերումները: Կարախանյանի գիտական գործունեությունը չէր սահմանափակվում ՀՀ սահմաններով, նա ուներ կայուն միջազգային փորձագետի համբավ:

Նրա գործունեության մյուս կարևոր վաստակը հանդիսանում էր երիտասարդ գիտական կադրերի պատրաստությունը:  Կարախանյանը գիտությանն ու իր գործին անսահման նվիրվածության, միաժամանակ մարդկայնության ու բարյացկամության օրինակ էր բոլորի, հատկապես՝ երիտասարդների համար: Խոր, բազմակողմանի գիտելիքների և մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ նա վայելում էր գիտական հասարակայնության հարգանքն ու սերը:

Գիտության պետական կոմիտեն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում անժամանակ կյանքից հեռացած Արկադի Կարախանյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ողջ կոլեկտիվին, բոլոր գործընկերներին ու նրանց հետ կիսում է անդառնալի կորստի վիշտը:

Արկադի Կարախանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում: 

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե