Նոր հուշագիր՝ ԵՏՄ շրջանակներում
Ապրիլի 13-15-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է Մոսկվայի կրթության միջազգային սրահի շրջանակներում տեղի ունեցած ԵՏՄ անդամ երկրների գիտության և կրթության գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Հանդիպման օրակարգում Եվրասիական տարածաշրջանում գիտության, տեխնոլոգիաների ու ինովացիայի ոլորտներում համագործակցության զարգացման, կրթության ոլորտում բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման վերաբերյալ հարցերն էին, ինչպես նաև համապատասխան հուշագրի ստորագրումը:
Իրենց ելույթներում նախարարներն ընդգծեցին ԵՏՄ անդամ-պետությունների կրթական և գիտա-տեխնոլոգիական կազմակերպությունների համակարգված փոխհարաբերությունների զարգացման կարևորությունը: Կրթական և գիտատեխնոլոգիական միջոցառումների համատեղ կազմակերպման և արդյունավետ իրականացման նպատակով հանդիպման մասնակիցներն անհրաժեշտ համարեցին մինչև մայիսի 15-ը ԵՏՄ անդամ-պետությունների հետաքրքրությունների շրջանակներում ստեղծել բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների ոլորտներում խորհրդակցական մարմիններ: Գիտական հետազոտությունների ոլորտում խորհրդակցական մարմինը կղեկավարի Հայաստանը ներկայացնող ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Կարևորվեց նաև «ճանապարհային քարտեզի» մշակումը՝ բարձրորակ կադրերի պատրաստման, գիտափորձարարական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների իրականացման ուղղությամբ համագործակցության զարգացման նպատակով: Քննարկվեցին համագործակցության ուղղություններն ու մեխանիզմները:
Հանդիպման գլխավոր թեմաներից էր Եվրասիական ցանցային համալսարանի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրվել էր նախօրեին՝ Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում կայացած Համալսարանների Եվրասիական ասոցիացիայի խորհրդի նիստի ժամանակ: Առաջարկվել է ձևավորել Եվրասիական ցանցային համալսարանի կոնսորցիում, որի կազմում կընդգրկվեն երկրների առաջատար բուհերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվրասիական ցանցային համալսարանի ֆինանսավորման մեջ յուրաքանչյուր պետություն կունենա իր մասնաբաժինը:
ԵՏՄ անդամ երկրների գիտության և կրթության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքում ստորագրվեց Եվրասիական տարածաշրջանում կրթության և գիտատեխնոլոգիական համագործակցության հարցերով համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը ենթադրում է ԵՏՄ անդամ-պետությունների միջբուհական կապերի ամրապնդում, համատեղ գիտական հետազոտությունների ու ցանցային համագործակցության իրականացումը: Հայաստանի կողմից հուշագիրն ստորագրել է ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին