ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվել են բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթի արդյունքները

26.04.2016

Ապրիլի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի աշխատանքները համակարգող մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը, որի ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները: Նիստը վարել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը համառոտ ներկայացրել է մրցույթին ներկայացված հայտերի վիճակագրությունը:

Մրցույթին առցանց եղանակով ներկայացվել է 131 հայտ, թղթային տարբերակով` 123, ֆինանսավորման է երաշխավորվել 31 հայտատու:

Կարևորելով  մրցույթի նշանակությունը՝  ԿԳ նախարարն ընդգծել է, որ մրցույթի արդյունքները պետք է դառնան վերլուծության հիմք՝ վեր հանելու այս կամ այն ոլորտի հիմնախնդիրները. «Ներկայացված հայտերն ու արդյունքները մեզ համար պետք է կողմնորոշիչ նշանակություն ունենան, որպեսզի բացահայտենք, թե գիտության հատկապես որ ճյուղերում ունենք լուրջ խնդիրներ: Մեր հետագա քաղաքականությունը պետք է միտված լինի գիտության համապատասխան ոլորտների պատասխանատուներից իրավիճակի պարզաբանումներ ստանալուն և վտանգված ճյուղերին հասցեական աջակցություն ցուցաբերելուն»,_ նշել է Լևոն Մկրտչյանը:

Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին  հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի ստորագրումից հետո:

Նիստում քննարկվել են նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման 2016 թվականին նախատեսվող մրցույթի կազմակերպման վերաբերյալ հարցեր: