Հանդիպում ֆրանսիացի գիտնականի հետ
Մարտի 21-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալել էր Ֆրանսիայի Լորանի համալսարանի և Կենտրոնական Սուպելեկի Օպտիկական նյութերի և ֆոտոնիկական համակարգերի լաբորատորիայի պրոֆեսոր Միշել Այլերիին:
Հանդիպման ժամանակ գիտնականները քննարկեցին Գիտության պետական կոմիտեի գործունեության, արտասահմանյան երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի հետ հաստատված գիտական կապերի և Հայաստանում պարոն Այլերիի գործունեության հետ կապված հարցեր:
Ֆրանսիացի ֆիզիկոսը հայ գիտնականների հետ աշխատելու մեծ փորձ ունի, մասնավորապես, հանդիսանում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 2015 թ. մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված «Er3+ և Yb3+ իոններով լեգիրված լիթիումի նիոբատի բյուրեղները` որպես նոր նյութեր ջերմաստիճանային օպտիկական սենսորների համար» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատուն: Թեման իրականացվում է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում` Էդվարդ Կոկանյանի ղեկավարությամբ:
Հանդիպման վերջում Ս. Հարությունյանը Միշել Այլերիին հանձնեց Գիտության պետական կոմիտեի շնորհակալագիր` հայ-ֆրանսիական գիտական կապերի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին