ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մոլդովան և Հայաստանը կհամագործակցեն գիտության ոլորտում

16.11.2016

Նոյեմբերի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունեց Մոլդովայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի պատվիրակությանը` ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկայի գլխավորությամբ:

Կոմիտեի նախագահը ողջունեց հյուրերին` հատուկ անդրադառնալով հետխորհրդային շրջանում նախկին խորհրդային երկրների միջև համագործակցության կարևորությանը: Կոմիտեի նախագահը նշեց. «Այսօր իրավիճակն էապես փոխվել է. ՀՀ-ում գիտության ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, կնքվել է միջազգային համագործակցության շուրջ 40 պայմանագիր, այսօր Հայաստանը գիտության ոլորտում լուրջ դերակատարում ունի տարածաշրջանում»:

Հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաները երկու երկրներում գիտության ոլորտի պետական քաղաքականության, իրականացված բարեփոխումների, առաջիկա ծրագրերի վերաբերյալ էին:

Հայաստանի և Մոլդովայի գիտության ոլորտում պետական կառույցների ղեկավարները ներկայացրեցին իրենց երկրներում ոլորտի կառավարման համակարգը, իրականացված բարեփոխումները, խոսեցին նաև առկա հիմնախնդիրների, դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին:

Պարոն Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց Մոլդովայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի հետ կնքել համագործակցության պայմանագիր` համատեղ գիտական ծրագրեր իրականացնելու համար:

Առաջարկվեց նաև անցկացնել համատեղ սեմինարներ` նվիրված գիտական արդյունքի առևտրայնացմանն ու ինովացիային, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին, համատեղ իրականացվող ծրագրերի գործառույթներին և խնդիրներին:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին