Ներկայացվել է ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությունը Հայաստանում
Ապրիլի 15-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է ՀՀ-ում Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի` ԻԿՐԱՆԵՏ-ի գործունեությանն ու հայ-իտալական գիտական համագործակցությանը նվիրված միջոցառմանը: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն, ԻԿՐԱՆԵՏ կենտրոնը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանատունը:
Միջոցառման ժամանակ Սամվել Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Ներկայացվել են զեկուցումներ ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնների միջոցով այլ երկրների աստղաֆիզիկական կենտրոնների հետ հայ գիտնականների համագործակցության, ուսանողների, ասպիրանտների և գիտաշխատողների փոխանակման, և ցանցի այլ հնարավորությունների օգտագործման վերաբերյալ:
Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է նաև ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
Կարևորելով Հայաստանում ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի գործունեությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում մեծ նշանակություն է տրվում կրթության ու գիտության զարգացմանը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է համագործակցություն հաստատի աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոնների, կազմակերպությունների ու համալսարանների հետ:
Ռեմո Ռուֆֆինին բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Նա նշել է, որ ցանկություն ունեն Հայաստանի միջոցով համագործակցության նոր ծրագրեր իրականացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ:
Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցությունն ապագայում խորացնելու հնարավորությունները:
2003 թվականին հիմնադրված ԻԿՐԱՆԵՏ-ը (International Center for Relativistic Astrophysics Network) միջազգային կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացում ռելյատիվիստական աստղաֆիզիկայի, կոսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում: Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Արիզոնայի և Ստենֆորդի համալսարաններն ու Իտալիայի Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը: