ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանյան հետազոտողների առաջին խումբը հաջողությամբ ավարտել է «Researcher Connect» առցանց դասընթացը

20.02.2025
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Փետրվարի 18-ին ՄԹ դեսպան Ջոն Գալագերի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել «Researcher Connect» առցանց դասընթացը հաջողությամբ ավարտած առաջին խմբի անդամների համար:

Հանդիպմանը ներկա են եղել նաև մասնագիտական դասընթացի իրականացումը նախաձեռնած Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ից 14-ը «Researcher Connect» մասնագիտական առցանց դասընթացին առաջին անգամ մասնակցել են հայաստանյան 25 հետազոտողներ՝ ավելի քան 10 բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Մասնակիցների ընտրությունն անցկացվել է բարձր մրցակցային պայմաններում. շուրջ 100 հայտերից ընտրվել են լավագույն 25-ը։

Դասընթացի փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները կիսվեցին մասնագիտական ինտենսիվ դասընթացից ստացված իրենց տպավորություններով, ոգևորությամբ ու նորարական գաղափարներով, ինչպես նաև հնարավորություն ստացան ամրապնդելու դասընթացի ընթացքում ձևավորված նոր համագործակցային կապերը։

Դասընթացը միտված է աջակցելու թե՛ երիտասարդ, թե՛ արդեն փորձառու հայաստանյան հետազոտողներին․

  • զարգացնելու գերազանց հաղորդակցման հմտություններ միջազգային բազմամշակութային ակադեմիական միջավայրում,
  • ավելի հասանելի դարձնելու իրենց գիտական արդյունքները կրթության եւ քաղաքականության մշակման գործընթացներում, և
  • խթանելու հայկական գիտական համայնքի տեսանելիությունն ու պրոակտիվ ներգրավվածությունը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակում։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին՝ դասընթացի մեկնարկին ընդառաջ, խումբը հյուրընկալվել էր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց և դասընթացի անցկացման ընթացակարգին, ինչպես նաև հայտնելու իրենց ակնկալիքները և առաջարկությունները։