ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվել են Գենտի համալսարանի հետ կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

20.03.2025
image descriptionimage descriptionimage descriptionimage description

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գենտի համալսարանի պատվիրակությանը՝ պրոռեկտոր, պրոֆեսոր Միեկ վան Հերրեեգեի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գենտի համալսարանի միջև փոխհամագործակցության զարգացման հնարավորությունները:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է տանում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և գիտական կենտրոններում հայագիտական հետազոտությունների իրականացումը, հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը խթանելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ արտերկրում գործող մի շարք հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստանում են ֆինանսավորում: Նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել Գենտի համալսարանում ևս նմանօրինակ կենտրոն հիմնելու հնարավորությունը:

Ներկայացվել է նաև ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ Հայագիտության զարգացման համատեքստում քննարկվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հեռանկարները՝ կարևորելով լեզվի, պատմության և մշակույթի ոլորտներում համատեղ հայագիտական ուսումնասիրությունները։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայաստանյան բուհերի՝ եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը, արտերկրում ԿԳՄՍՆ աջակցությամբ հայագիտական կենտրոնների ստեղծմանը։

Քննարկվել են միջպետական կրթաթոշակային ծրագրերը, ինչպես նաև ԵՄ «Erasmus+» ծրագրի շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները։

Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքրվածությունը կրթական համագործակցությունն ընդլայնելու և հայագիտության ուղղությամբ փոխգործակցությունը զարգացնելու հարցում։

Աղբյուր՝ escs.am