Մրցույթ՝ ուղղված ՀՀ և Արցախի գիտական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է «Արցախի հետ համագործակցության ծրագիր - 2023» մրցույթը:
Մրցույթի նպատակներն են.
- խորացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի գիտական խմբերի միջև համագործակցությունը,
- աջակցել Արցախում գիտական ներուժի զարգացմանը,
- խթանել Արցախի համար գիտության առաջնահերթ ոլորտների առաջընթացը,
- նպաստել Արցախում գիտության ոլորտում երիտասարդ կադրերի պատրաստման գործընթացին:
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով։ Մրցույթի արդյունքում ֆինանսավորման կերաշխավորվեն 3-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ներկայացրած 24 ամիս տևողությամբ նախագծեր: Գիտական խմբի անդամներն են խմբի ղեկավարը, գիտական խորհրդատուն և մինչև երկու կատարողներ։ Խմբի ղեկավարը և կատարողները պետք է հանդիսանան Արցախի մշտական բնակիչներ և նախագծի իրականացման ընթացքում բնակվեն Արցախում: Խմբի կատարող կարող է լինել առնվազն բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողը։ Խումբը պետք է ունենա առնվազն մեկ երիտասարդ կատարող՝ ծնված 1983 թվականի հունվարի 1-ից հետո (տարիքային շեմն ավելանում է զինված ուժերում ծառայած լինելու և երեխայի խնամքի արձակուրդի դեպքում)։ Խմբի խորհրդատուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ և նախագծի իրականացման ընթացքում բնակվի ՀՀ-ում:
Նախագծի շրջանակում խմբի անդամները պարտավորվում են ունենալ առնվազն երկու գիտական հրապարակում միջազգային գիտատեխնիկական շտեմարաններում, ինչպես նաև պետք է ստեղծեն ու տարածեն նախագծի և/կամ գիտության տվյալ բնագավառի վերաբերյալ գիտահանրամատչելի նյութեր (հարցազրույցներ, գիտահանրամատչելի ամսագրերում հրապարակումներ, տեսանյութերի ստեղծում և տարածում, լայն լսարանի համար քննարկումների կազմակերպում և այլն):
Մրցույթին մասնակցության հայտը ներկայացվում է՝ ուղարկելով grants@scs.am էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2023 թ.մայիսի 26-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից` աշխատանքային օրերին, ժամը 10:00 - 17:00 (հեռախոս՝ 21-01-40*116; *108):