Կայացավ «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը
Հունիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացավ Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառումը։
Միջոցառման նպատակն էր՝ ներկայացնել Էրազմուս+ ծրագրի կողմից 2023թ․ դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ծավալել քննարկումներ՝ ուղղված ոլորտի մարտահրավերների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
ԵՄ դեսպան Մարագոսի հավաստմամբ՝ Էրազմուս+ ծրագիրը, որն ունի արդեն շուրջ 5000 մասնակից, ոչ միայն էական նշանակություն ունի ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից, այլև կարող է նպաստել, ի թիվս այլնի, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը:
«Դիվերսիֆիկացումը թերևս զուտ տեխնիկական է բառ է, բայց իրականում մենք խոսում ենք Հայաստանի դիմակայությունն ավելի բարձրացնելու մասին։ Մարդկային կապիտալում ներդրումներ կատարելը կարևոր է ոչ միայն գիտելիքահենք տնտեսություն, այլև գիտելիքահենք հասարակություն ունենալու համար: Այն ներառում է նաև ժողովրդավարական կրթությունը և մեդիագրագիտությունը, և թե ինչպես կարող է քաղաքացին դառնալ ակտիվ քաղաքացի։ Այս առումով գիտելիքն ու կրթությունը էապես կարևոր են»,- նշել է դեսպանը:
Անդրադառնալով ֆինանսավորման ծավալներին՝ Մարագոսը հավելել է. «Ներկայումս ընթացիկ ծրագրերի համար արդեն իսկ հատկացվել է ավելի քան 350 միլիոն եվրո։ Եվ վերջերս մենք հայտարարել ենք «Հայաստանի դիմակայունության և աճի ծրագրի» մեկնարկի մասին, որի շրջանակում դրամաշնորհների համար նախատեսվել է 270 միլիոն եվրո բյուջե։ Դրա մի մասը կուղղվի նաև ներդրումների ներգրավմանը»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ նախարարությունը կարևորում է Էրազմուս+ ծրագրի իրականացումը թե՛ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների, թե՛ մարդկային կապիտալի զարգացման, թե՛ ՀՀ-ԵՄ երկխոսության տեսանկյունից։
Էրազմուս+ ծրագիրը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիք է բարձրագույն կրթության ոլորտում, ինչպես Հորիզոն Եվրոպան՝ գիտության ոլորտում, և Ստեղծագործ Եվրոպան մշակույթի ոլորտում, որի նպատակները համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախներին։
Այս համատեքստում, նախարարի տեղակալը կարևորել է հայաստանյան բուհերի մասնակցության խթանումը Էրազմուս+ ծրագրին․ «Մեզ համար շատ ոգևորիչ է, որ 2022-2023 ուստարվա ընթացքում ֆինանսավորման երաշխավորված 4 ծրագրերն այս տարի արդեն դարձան 8, որոնցից 6-ի դեպքում հայաստանյան բուհերը հանդիսանում են կոնսորցիումի համակարգողները»։
Միջոցառման առաջին հատվածում, Հայաստանում Էրազմուս+ գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան ներկայացրեց «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողությունը, վերջինիս հայաստանյան բուհերի մասնակցության ցուցանիշների աճը և 2023 թվականին ֆինանսավորման երաշխավորված ութ ծրագրերի ամփոփ նկարագիրը։
Հաջորդիվ տեղի ունեցան պանելային քննարկումներ վերոնշյալ նախագծերի ղեկավարների մասնակցությամբ, որին մասնակցում էին բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողներ, հասարակական կազմակերպություններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք։