Հաստատվել է բակալավրիատի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2024-2025 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը: Մասնավորապես՝ դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար կապահովվեն ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում: Արդյունքում՝ դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:
Նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների՝ 2024-2025 ուստարվա դիմորդները ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ. առաջին փուլը ներառում է դիմումների հայտագրումը տվյալ տարվա դեկտեմբերի 15-25-ն ընկած ժամանակահատվածում և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները:
Նախորդ՝ 2023-2024 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ, նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝
- Երևանի պետական համալսարանի «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա» կրթական ծրագրերը հանվել են ցանկից. որպես առանձին մասնագիտություններ՝ դրանք ներառված են «Ֆիզիկա» ընդհանրական մասնագիտության շրջանակում: Ցանկը լրացվել է նոր՝ «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ: Այս փոփոխությունները պայմանավորված են Երևանի պետական համալսարանում իրականացվող բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների, կրթական ծրագրերի խոշորացման, արդիականացման գործընթացներով: Միաժամանակ, Երևանի պետական համալսարանում «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա» մասնագիտությունների համար նախատեսվող քննությունների շարքում չի ընդգրկվել «Անգլերեն» քննությունը՝ որպես կամընտրական քննություն, ամրագրվել են միայն «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաների քննությունները:
- Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի ընդունելության քննություններում ևս կատարվել են փոփոխություններ՝ «Հայոց լեզվի» քննությունը սահմանվել է պարտադիր, «Հայոց պատմության» և «Օտար լեզվի» քննությունները՝ կամընտրական: Պահպանելով նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանմամբ և միևնույն մուտքային պահանջների համապատասխանության սկզբունքը՝ նույն փոփոխությունները կատարվել են նաև բոլոր բուհերի «Միջազգային հարաբերություններ» մասնագիտություն ունեցող կրթական ծրագրերի քննություններում:
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագիտությունների ցանկում ներառվել են նոր՝ «Բլոկչեյն և ՎԵԲ3 տեխնոլոգիաներ» և «Ավիատիեզերական ճարտարագիտություն» կրթական ծրագրերը` համապատասխանաբար «Տեղեկատվական անվտանգություն» և «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» շրջանակում։
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2024-2025 ուստարվա ընդունելության բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի (առկա և հեռակա ուսուցման) մասնագիտությունների ցանկում «Ագրոնոմիա», «Անասնաբուծություն» և «Անասնաբուժություն» մասնագիտություններով ընդունվելու համար «Մաթեմատիկան»՝ որպես պարտադիր մրցութային առարկա, փոխարինվել է «Կենսաբանություն» առարկայով: Հաշվի առնելով «Ճշգրիտ գյուղատնտեսություն» և «Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրերով սովորողների համար «Անգլերեն», իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրով սովորողների համար՝ «Քիմիա» առարկայի իմացության կարևորությունը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առկա և հեռակա ուսուցման ձևերի որոշ կրթական ծրագրերի ընդունելության քննությունների ցանկում կատարվել են փոփոխություններ, մասնավորապես՝ «Ագրոէկոլոգիա», «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Անտառային տնտեսություն և բնակավայրի կանաչապատում», «Անասնաբուժություն» կրթական ծրագրերի ընդունելության քննությունները փոխարինվել են «Կենսաբանություն», «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներով:
Նշենք, որ ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» ամրագրված սկզբունքներն ու նախանշված թիրախները հաշվի առնելով՝ 2025-2026 ուստարվանից նախատեսվում է բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններ չնախատեսել՝ պայմանավորված նաև ըստ ուղղությունների բուհերի (այդ թվում՝ գիտական կազմակերպությունների հետ), նրանցում ուսուցանվող մասնագիտությունների խոշորացման ու կոնսոլիդացիայի գործընթացի հետ:
Աղբյուրը՝ https://escs.am/am/news/18702