ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը

20.11.2024
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժականի, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանների, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:

Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը նախագծվել է որպես Ակադեմիական քաղաք, որովհետև հիմնական ինստիտուցիոնալ կառույցները, որոնք Թամանյանը նախագծել և տեղադրել է Երևան քաղաքի կենտրոնում, եղել են կրթական հաստատություններ: Այս համատեքստում, վարչապետը խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման կարևորության մասին, նշել, որ նախագծի հիմնական նպատակը կրթական պրոցեսի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական:

«Մենք ի՞նչ ենք ուզում, ըստ էության, անել: Մենք ուզում ենք պրոֆեսորադասախոսական կազմի, գիտակրթական ոլորտի, ուսանողների համար այս մեր ընդհանուր «տանը» ստեղծել մի կրթական սենյակ, որտեղ իրենք կարող են կենտրոնանալ իրենց նյութի վրա, և տնտեսական, քաղաքական, սոցիալական աղմուկներն իրենց ուղղակի չխանգարեն»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

«Ակադեմիական քաղաք» նախագծի համատեքստում վարչապետը խոսել է նաև կրթական պրոցեսի տեսանելիության, այսինքն՝ միջազգային կրթական միջավայրի հետ հաղորդակցության, Հայաստանում կրթության որակի և միջազգայնորեն մրցունակ լինելու կարևորության մասին:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կրթական համակարգի կարևորագույն խնդիրը ցանկացած ուսանողի՝ իր ընտրած ոլորտում մրցունակ լինելն ապահովելն է, ինչը նույնպես «Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական տրամաբանությունն է: «Նաև չմոռանանք սոցիալական բաղադրիչը՝ մենք այսպիսի սկզբունք ունենք, որ որոշակի ՄՕԳ և ավել ապահովող ուսանողներն ընդհանրապես ուսման վարձ չպետք է վճարեն»,- հավելել է վարչապետը:

Երկրի ղեկավարի խոսքով, «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որոնք այսօր լուրջ հարց են Հայաստանում:

Վարչապետն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաք»-ում ստեղծվող միջավայրի առանցքային նպատակներից մեկը հետևյալն է՝ ունենալ Հայաստանում և՛ մեկուսացված, և՛ ինտեգրված տարածք: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ մեկուսացվածության նպատակը կրթական պրոցեսը վերոնշյալ աղմուկից հեռու պահելն է: Խոսելով նախագծի ինտեգրվածության մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնականում մեր խնդիրը հետևյալն է, որ մենք հանրապետության ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխենք այնտեղ»: Նա նաև արձանագրել է, որ «Ակադեմիական քաղաք»-ի տարածքը գտնվում է երեք մարզերի և Երևան քաղաքի հատման կետում և ապահովված է լինելու տրանսպորտային զարգացած ենթակառուցվածքով:

Վարչապետը խոսել է նաև «Ակադեմիական քաղաք»-ի կլաստերների մասին, նշել այն հանգամանքը, որը հատկապես էական նշանակություն ունի կրթական կլաստերի համար: «Մենք մտածում ենք, որ ամեն կլաստերն անպայման ունենա ավագ դպրոց: Դուք գիտեք, որ հանրակրթության կարևոր խնդիրներից մեկը մասնագիտական կողմնորոշումն է: Մենք ավագ դպրոցներում շատ ջանք ենք գործադրում, որպեսզի երեխաներին օգնենք մասնագիտական կողմնորոշում ունենալ»,- նշել է երկրի ղեկավարը և հավելել, որ «Ակադեմիական քաղաք»-ի մեջ կա հետևյալ շատ կարևոր տրամաբանությունը, որ ուսանողների մի զգալի մասն իր աշխատանքային առաջին փորձն ունենա հենց «Ակադեմիական քաղաք»-ում, այսինքն՝ կրթական կլաստերի լավագույն ուսանողներն իրենց առաջին աշխատանքային փորձն ունենան այնտեղ:

Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, նշել, որ «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը նաև արդեն գործող ուսուցիչների համար է, ովքեր պետք է կրթական տեխնոլոգիաներին անընդհատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Վարչապետն ընդգծել է նաև կրթական հետազոտությունների և տվյալների հավաքագրման կարևորությունը, ինչը կրթական պրոցեսի անբաժան և կարևոր բաղադրիչն է:

Ամփոփելով իր խոսքը՝ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվող արվեստի, ժամանցային, սպորտային կենտրոններին:

Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերն իր հերթին ներկայացրել է բուհերի խոշորացման իրենց փորձառությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:

Հաջորդիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերը պատասխանել են ներկաների հարցերին:

Աղբյուրը՝ https://www.primeminister.am/