Մրցույթ՝ հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտությունների համար
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ - 2024» մրցույթ:
Մրցույթի նպատակներն են.
- աջակցել «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով մրցունակ հետազոտությունների իրականացմանը,
- նպաստել գիտական գործունեության արդյունքների սոցիալ-տնտեսական ազդեցության զարգացմանը,
- խթանել միջազգային համագործակցությունը՝ ներգրավելով Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժը,
- ապահովել հայագիտական հետազոտությունների տեսանելիություն և տարածում,
- նպաստել «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառներում երիտասարդ կադրերի պատրաստման գործընթացին:
36 ամիս տևողությամբ նախագծերը մշակելու և իրականացնելու են 2-4 անդամներից բաղկացած գիտահետազոտական խմբերը: Մրցույթին կարող են դիմել նաև օտարերկրյա քաղաքացիներ, որոնք նախագծի իրականացման ընթացքում պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ ռեզիդենտներ և բնակվեն ՀՀ-ում:
Խմբի ղեկավար կարող է լինել մինչև 70 տարեկան, գիտական աստիճան և վերջին հինգ տարում մեկ Մենագրություն կամ ՄԳՇ-ում առնվազն 2 գիտական հրապարակում ունեցող անձը: Եթե խմբի ղեկավարը ներառված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ որևէ ծրագրում, ապա հայտը պետք է ներկայացնի այդ կազմակերպությունից։
Խմբի անդամներից առնվազն երկուսը պետք է լինեն երիտասարդ:
Խումբը պետք է ունենա արտասահմանյան գործընկեր (Foreign Partner; Collaborator), որը պետք է ունենա գիտական աստիճան և արտերկրի որևէ հետազոտական կազմակերպությունում զբաղվի գիտահետազոտական աշխատանքով` նախագծին առնչվող մասնագիտությամբ։ Գործընկերոջ Հիրշի ինդեքսը (h-index) պետք է լինի առնվազն 3՝ ըստ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի տվյալների կամ վերջին 5 տարիների ընթացքում տվյալ ուղղությամբ պետք է ունենա առնվազն 8 գիտական հրապարակում ՄԳՇ-ում կամ 2 մենագրություն։ Գործընկերը խմբի անդամ չի համարվում, և նրա համար աշխատանքի վարձատրություն չի նախատեսվում։ Եռամյա կտրվածքով գործընկերը պետք է առնվազն 15 օր գտնվի ՀՀ-ում և առնվազն 15 օր իր գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներին։
Նախագծի ավարտից հետո խմբի անդամները պետք է ունենան հետազոտության հետ կապված առնվազն 4 հրապարակում ՄԳՇ-ում, որոնցից առնվազն երկուսը պետք է ունենա առնվազն Q2 քառորդին համարժեք SJR ինդեքս (SCImago Journal Rank Indicator), կամ 1 մենագրություն:
Ֆինանսավորման առավելագույն չափը կարող է լինել՝ 26.1, 20.7 և 15.3 միլիոն դրամ համապատասխանաբար 4, 3 և 2 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերի համար: Խմբի անդամների աշխատանքի ամսական վարձատրության չափը սահմանվել է մինչև 150 հազար դրամ:
Մրցույթը հայտարարվում է երկրորդ անգամ: Առաջին՝ 2020 թ. անցկացված մրցույթի արդյունքում ֆինանսավորվել էր 17 թեմա:
Դեկտեմբերի 15-ին կոմիտեում կկազմակերպվի մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում (Info Day)։
Մրցույթին առցանց դիմելու վերջնաժամկետը 2024 թ. հունվարի 5-ն է: