ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Դեսպանի հետ քննարկվել են գիտական համագործակցության հարցեր

20.12.2019

Դեկտեմբերի 19-ին ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին և նրա գլխավոր խորհրդականին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բելառուսական գիտական համագործակցությանն առնչվող հարցեր: Սամվել Հարությունյանը բարձր գնահատեց համագործակցությունը և առաջարկեց չսահմանափակվել հայ-բելառուսական մրցույթների արդյունքում ֆինանսավորվող կանոնավոր ծրագրերով, մտածել համագործակցության ծրագրերն ընդլայնելու և համատեղ լաբորատորիաներ ստեղծելու, ինչպես նաև երկու պետությունների համար գիտության զարգացման  գերակա ուղղությունների շրջանակներում համատեղ թիրախային մրցույթներ անցկացնելու մասին: Նա նաև առաջարկեց իրավահավասարության հիմունքներով համագործակցել գիտական փորձաքննության ոլորտում: Առաջարկ եղավ նաև կրթության ոլորտի վերաբերյալ. նշվեց, որ հետբուհական կրթության ոլորտում անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ, որոնք Հայաստանի և Բելառուսի բուհերի մագիստրանտներին և ասպիրանտներին ազատ տեղաշարժվելու հնարավորություն տան:

Քննարկվեց նաև Սևանա լճում Հայաստանի և Բելառուսի ազգային հարստություն հանդիսացող քաղցրահամ ջրամբարների էկոհամակարգերի ուսումնասիրման միջազգային գիտագործնական կենտրոն-բիոլոգիական կայանի ստեղծման ծրագրի հարցը, որի վերաբերյալ պայմանագիր կա դեռևս 2013 թ-ից, և որի  ֆինանսավորումը Բելառուսական  կողմից ձգձվել է տեխնիկական պատճառներով: Պարոն Նազարուկը նշեց, որ իրենք շահագրգռված են ծրագրի իրագործմամբ և քայլեր կձեռնարկեն խոչընդորտները հաղթահարելու ուղղությամբ:

Քննարկվեց նաև ԵԱՏՄ շրջանակներում կապերը ամրապնդելու անհրաժշտության հարցը՝ մասնավորապես արդեն գործող հայ-բելառուսական  և հայ-ռուսական գիտատեխնիկական խորհուրդների աշխատանքների մեկտեղման միջոցով:

Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստն առաջարկվեց անցկացնել Երևանում՝ 2020 թ. մայիսին: Հանդիպման ավարտին Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը նշեց, որ հնչած առաջարկությունները կփոխանցի բելառուսական համապատասխան կառույցների ղեկավարներին: