Հանրային քննարկում
ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացնում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. հունվարի 4-ը ներառյալ՝ կայքի «Հանրային քննարկումներ» բաժնում կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5161, կամ ուղարկել Գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):
Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 10.00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ):
Նախագծի նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացը կարգավորվում է 2000 թ. ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով: Այն ՀՀ Սահմանադրության 2015 թ. փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ կամ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: Ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում:
Հանրային քննարկման ներկայացված նախագծով նախ և առաջ հստակեցվում են ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները:
Օրենքի նախագծով առաջարկվում է ներմուծել մի քանի նոր հասկացություններ և մի շարք հասկացություններ հստակեցնել: Մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական բնագավառի աշխատող» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները:
Առաջարկվող փոփոխություններով նաև կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը` այն դարձնելով ավելի նպատակային և սահմանափակումների կիրառման համար ստեղծելով օրենսդրական հիմքեր: Փոփոխությունների հիմնական նպատակը որոշակի սոցիալական երաշխիքների և հիմքերի ստեղծումն է ` ոլորտում սերնդափոխության իրականացման համար:
Օրենքում առաջարկվում է համալրում՝ պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման համար գնումները հրատապության սկզբունքով իրականացնելու վերաբերյալ: Կարգավորման կարիքն առաջացել է այն հանգամանքից, որ սկսած 2020 թվականից՝ Կառավարության կողմից ոլորտի ֆինանսավորման որոշակի բաժինը տրամադրվում է ենթակառուցվածքների համալրմանը գիտական ժամանակակից սարքավորումներով, որոնց ձեռքբերման գործընթացը ֆինանսավորման հատկացման սկզբից որոշ դեպքերում տևում է մինչև 2.5 տարի, ինչը չի համընկնում ոլորտի զարգացման նախանշված տեմպերին, այս կարգավորման նպատակն է ստեղծել իրավական հիմք` մեկ անձից կամ հրատապության հիմքով գնման այլ, ավելի արագագործ եղանակներով սարքերի ձեռքբերման համար, քանի որ գիտության ոլորտում ժամանակակից հետազոտությունների տեմպերը էապես արագ են, և մի քանի տարի ձգվելու պարագայում հնարավոր է սարքավորման ակտուալությունն այլևս նույնը չլինի ինչ դրա ձեռքբերման կարիքի առաջացման պահին:
Նախագծով լրամշակվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը: