ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. գործունեության ամփոփումը՝ տարեվերջյան ասուլիսում

20.12.2023

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի ունեցավ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը:

Հայոցյանն ամփոփեց 2023թ. մայիսի 3-ին «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում կատարված փոփոխություններով ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության միավորմամբ ստեղծված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը։

Ի թիվս այլնի՝ քննարկվեցին գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման, գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերին, Ակադեմիական քաղաքի նախագծին վերաբերող հարցեր։

Տարվա նշանակալից ձեռքբերումներից է 2023թ. պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ 4.2 մլրդ ՀՀ դրամի չափով հատկացումը, որն ուղղված է կապիտալ բնույթի ծախսերի, մասնավորապես՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով և սարքավորումներով վերազինելուն։ Կոմիտեի նախագահը նշեց, որ դեռևս 2021թ․-ից այդ նպատակով դրամաշնորհների տեսքով զգալի ծավալի ֆինանսավորում է հատկացվել կազմակերպություններին, սակայն այս տարի պետությունը կապիտալ ծախսերի շրջանակում գնել և կազմակերպություններին է փոխանցել խոշոր սարքեր և սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է նախորդ տարիներին այդ նպատակով հատկացված միջոցների գումարին։

Առանձին անդրադարձ կատարվեց Կոմիտեի կողմից ռեկորդային թվով 20 դրամաշնորհային մրցույթների իրականացմանը, ինչը հնարավոր է դարձել հայտերի ընդունման ողջ գործընթացն ամբողջապես էլեկտրոնային grants.hesc.am համակարգի միջոցով կազմակերպելու շնորհիվ։ Դրամաշնորհային ծրագրերի շարքում առավել հատկանշական են շուրջ 150 մլն դրամ բյուջե ունեցող հնգամյա ծրագրերը, որոնք ուղղված են արտերկրյա գիտնականների՝ ՀՀ գիտական համայնքին ինտեգրմանը և հեռավար լաբորատորիաների հիմնադրմանը, ինչպես նաև երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելուն ուղղված ասպիրանտների աջակցության ծրագրերը։

Կոմիտեի նախագահը անդրադաձավ նաև ատեստավորման արդյունքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի նորմավորմանը և մինչև 2025թ. ամենամյա աստիճանական բարձրացման գործընթացին, որի արդյունքում գիտաշխատողների բազային աշխատավարձերը կհասնեն պետական համակարգի աշխատողների վարձատրությանը համադրելի չափերի և միաժամանակ համեմատելի կլինեն նաև Արևելյան Եվրոպայի իրենց գործընկերների վարձատրության չափերին։ Լրագրողների այն հարցին, թե ինչ չափանիշներով է իրականացվում ատեստավորումը, Հայոցյանը պատասխանեց, որ քանի որ գիտության ոլորտը ուղղված է նոր գիտելիքի ստեղծմանը, համապատասխան հանձնաժողովները քննում են գիտնականի արդյունավետությունը, վերջին հինգ տարիների ընթացքում հեղինակի գիտական հոդվածների, մենագրությունների քանակը և այլ ցուցանիշներ, սակայն գործող կարգն արդեն քսան տարի է՝ չի լրամշակվել։ Ներկա պահին Կառավարության քննարկմանն է ներկայացվել գիտնականների ատեստավորման նոր լրամշակված կարգը, որում ներդրվել են չափման քանակական և որակական առավել շոշափելի ցուցանիշներ։ Նախագահը հավելեց, որ 2023թ. ամփոփվել են նախորդ տարվա քանակական ցուցանիշները, համաձայն որոնց՝ 2022թ. առաջին անգամ երկար տարիների ընթացքում գրանցվել է գիտաշխատողների թվի ավելացում, որը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է բազային աշխատավարձի բարձրացմամբ։

Լրագրողների այն հարցի վերաբերյալ, թե ինչ սոցիալական երաշխիքներ են նախատեսվում տարեց գիտնականների համար, Հայոցյանը պարզաբանեց, որ ներկայումս շրջանառվում է կենսաթոշակային տարիքի հասած անձանց գիտական աստիճանի համար տրվող հավելավճարի ավելացմանը վերաբերող նախագիծը, իսկ շրջանառվող ատեստավորման կարգում նախատեսված է երկու նոր տարակարգ՝ պատվավոր գիտաշխատողների համար։

Ասուլիսի ընթացքում խոսվեց նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանն ուղղված ծրագրերի մասին, որոնցից մեկի շրջանակներում ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ԼՂ բուհերի շուրջ 1900 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: Իսկ ՀՀ կառավարության որոշման երկրորդ նախագիծն այժմ շրջանառության մեջ է և նախատեսում է աջակցություն ՀՀ բուհերում սովորող, ԼՂ բնակիչ հանդիսացող և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 860 ուսանողների համար։ Անդրադառնալով լրագրողների հարցադրումներին՝ Հայոցյանը հավելեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներն իրենց կրթության շարունակականության իրավունքն իրացնելու որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունեն, նույնիսկ եթե եղել է մասնագիտությունների անհամապատասխանության հարց, կազմակերպվել է հարակից մասնագիտություններով ուսումնառությունը շարունակելու հեշտացված գործընթաց, իսկ դասախոսներին և գիտաշխատողներին նույնպես հնարավորության շրջանակներում օգնություն է ցուցաբերվել ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում աշխատանքի անցնելու հարցում։

Ասուլիսի երկրորդ հատվածում ներկայացվեց նաև Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը, և հնչեցին պատասխաններ լրագրողներին հուզող մի շարք հարցերի։ Ըստ հայեցակարգի՝ մինչև 2030թ. նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից, լավագույն չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվի և կգործի այդ հաստատությունների մեծ մասը: ՀՀ ԿԳՄՍՆ-ն հրապարակային հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին՝ ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ։ Հայեցակարգային առաջարկներն ընդունվելու են մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Մինչև 2030թ. Ակադեմիական քաղաքում նախատեսվում  է գործարկել կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով, սակայն առկա տեսլականով նախատեսվում է, որ հաջորդիվ Ակադեմիական քաղաքում կներառվեն նաև դասական և բժշկական կլաստերները։ Հայոցյանի խոսքերով՝ կլաստերների ձևավորման հարցը դեռևս բաց է քննարկման համար և վերջնականապես կամրագրվի միայն գիտական համայնքի հետ կոնսենսուսի ձեռքբերման արդյունքում։

Բացի ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծումից՝ նախատեսվում է նաև իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների կարողությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև միջազգային համագործակցային կապեր հաստատել յուրաքանչյուր ոլորտում աշխարհի առաջատար բուհերի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և Ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցության նպատակով: Այս համատեքստում Կոմիտեն այս տարի ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը երկրորդ ուժեղագույն բուհն է իր ոլորտում, և այժմ նախնական համաձայնություն է ձեռք բերվել աշխարհի լավագույն հիսուն տեխնիկական բուհերից մեկը հանդիսացող Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է տնօրինվելու Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի և կազմակերպությունների գույքը, Հայոցյանը պատասխանեց, որ գույքը փոխանցվելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ առավել արդյունավետ օգտագործման և օգտագործումից ստացված շահույթը՝ ի նպաստ Ակադեմիական քաղաքի կարիքների ուղղելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ հաճախ շահարկվող այն դրույթը, որ այդ շենքերը վերածվելու են հյուրանոցների կամ ժամանցի այլ վայրերի, իրականությանը չի համապատասխանում։ Սահմանվելու է այդ շենքերն ու շինություններն օգտագործելու առավել նպատակահարմար ձև, օրինակ՝ մտավոր գործունեության որևէ տեսակի իրականացման համար գրասենյակային տարածք, ստարտափների ինկուբատորների տեղակայման վայր, գիտաժողովների կազմակերպման վայր և այլն, և համապատասխան մրցույթի արդյունքում շենքը կտրվի վարձակալության։

Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների՝ Ակադեմիական քաղաքում կացարանով ապահովվելու և մարզաբնակ ուսանողների երթևեկը կազմակերպելու հարցերին, Հայոցյանը նշեց, որ հայեցակարգի առանցքային կետերից է նաև Ակադեմիական քաղաքում կամպուսային միջավայրի ապահովումը, որը թույլ կտա ուսանողներին կենցաղի կազմակերպման հարցերի փոխարեն կենտրոնանալ կրթական և ստեղծարար գործունեության վրա։ Նախագծի վրա աշխատող ճարտարապետների թիմը մեծ ուշադրություն է դարձնում նաև կառուցվող քաղաքի տրանսպորտային ցանցի ներդաշնակեցմանը՝ ապահովելով կապը թե՛ Երևան քաղաքի, թե՛ մարզերի, թե՛ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ, ինչպես նաև տվյալ տարածքում ներկայումս գործող բեռնատար երկաթգծի վերագործարկմանը որպես մարդատարի։

Հայոցյանը նշեց, որ Ակադեմիական քաղաքի և գիտության ոլորտի բարեփոխումներին վերաբերող այս և մի շարք այլ հարցեր ենթակա են ամրագրման ներկայումս շրջանառվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով։