Մրցույթ՝ առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդման ու զարգացման նպատակով
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցություն - 2023» մրցույթ՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով առկա գիտական ստորաբաժանումների ամրապնդմանը և զարգացմանը:
Մրցույթի հիմնական նպատակներն են մրցունակ և հեռանկարային գիտական ստորաբաժանումների ամրապնդումը, ներպետական և միջազգային համագործակցության խթանումը, Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավումը, և այլն:
Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով:
Նախագծերի իրականացման տևողությունը 60 ամիս է։ Յուրաքանչյուր նախագծի համար 5 տարվա կտրվածքով կտրամադրվի մինչև 176 միլիոն դրամ: Գիտական խմբերը պետք է բաղկացած լինեն 4-7 անդամից՝ ներառյալ խմբի ղեկավարը: Խմբի ղեկավար կարող է լինել մինչև 40 տարեկան, գիտական աստիճան ունեցող և կազմակերպությունում առնվազն վեց ամիս ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը: Գիտական խմբի անդամներից առնվազն երեքը պետք է լինեն մինչև 35 տարեկան:
Խումբը պետք է ունենա օտարերկրյա գործընկեր (Foreign Partner, Collaborator)՝ գիտական աստիճան ունեցող, նախագծին առնչվող մասնագիտությամբ օտարերկրյա գիտական կազմակերպությունում գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձ: Վերջինս չի համարվում գիտական խմբի անդամ, և նրա համար աշխատանքի վարձատրություն չի նախատեսվում: Նախագծի իրականացման ամբողջ ժամանակահատվածում գործընկերը պետք է առնվազն 25 օր գտնվի Հայաստանի Հանրապետությունում և առնվազն 25 օր էլ իր գիտական կազմակերպությունում ընդունի խմբի անդամներին։
Մրցույթին դիմելու պահին ստորաբաժանման՝ հայտում ընդգրկված աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը բազային ֆինանսավորմամբ ծրագրում պետք է լինի առնվազն շաբաթական 120 ժամ (որը համապատասխանում է 3 լրիվ զբաղվածության համարժեքին (Full Time Equivalent. FTE))։ Նախագծի կատարման առաջին երեք տարիների ընթացքում ստորաբաժանման աշխատակիցների գումարային աշխատաժամանակի տևողությունը պետք է դառնա առնվազն շաբաթական 200 ժամ (5 Full Time Equivalent. FTE)։
Նախագծի կատարման ընթացքում խմբերը պետք է ապահովեն բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հրապարակումներ, դիմեն միջազգային գիտական դրամաշնորհների, ստեղծեն և տարածեն գիտահանրամատչելի նյութեր և այլն:
Մրցույթի հրավերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://scs.am/files/hraver-909a2-19.06.2023.docx:
Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2023 թ. հուլիսի 28-ը: