Քննարկման է դրվել 2024/2025 ուստարվա՝ անվճար ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու նախագիծը
Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:
Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը:
Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 6-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7371 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):