Առաջարկվում է պետության համար առաջնային մասնագիտությունների ցանկում ներառել ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր․ նախագիծ
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ։
Վերջինը սահմանում է մանկավարժական ուղղվածության բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը և պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, որում ներառվել են ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտական մանկավարժության ծրագրերը։
Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և ընդլայնելու պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների ցանկը՝ նրանում ներառելով ագրարային ուղղվածության կրթական ծրագրեր։
Նախագծի կարգավորումներն ուղղված են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները:
Առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով առաջարկվում է ցանկում ներառել հետևյալ մասնագիտությունները՝
- Անասնաբուժություն
- Ագրոնոմիկա
- Անտառային տնտեսություն
- Անասնաբուծություն
- Պարենամթերքի տեխնոլոգիա
- Ագրարային ճարտարագիտություն
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:
Նախատեսվում է, որ 2024-2025 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով ագրարային ոլորտի նշված մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 89, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 136: Ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ կլինի 15 750 000 դրամ։
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 6-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7374 կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@hesc.am):