ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Աշնանային միջազգային դպրոց՝ «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով

21.10.2022

Ս․թ․ հոկտեմբերի 27-28-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնելու է գիտաչափությանը նվիրված երրորդ աշնանային միջազգային դպրոցը՝ «Գիտության արդի մոտեցումներ․ գիտաչափություն» խորագրով։ Դպրոցի մասնակիցները գիտաչափության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ձեռք կբերեն ոլորտի միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից:

Ի թիվս այլնի՝ կներկայացվեն հետևյալ թեմաները․

  • Ազգային գիտության միջազգայնացումը․ հեռանկարներն ու խոչընդոտները,

  • Գիտաչափության կիրառելիությունը գիտության քաղաքականության մշակման և դրա իրականացման փուլերում,

  • Գիտական ամսագրերի ընտրության գիտաչափական առանձնահատկությունները,

  • Հետազոտողների գործունեության գնահատման չափանիշները,

  • Գիտության ոլորտում անբարեխիղճ ծառայությունները,

  • Ամսագրերի գնահատման և ընտրության գործընթացը Web of Science և Scopus շտեմարաններում։

Հատուկ աշխատաժողով նվիրված կլինի ամսագրերի առաջխաղացմանն ու միջազգային գիտական շտեմարաններում ինդեքսավորման խնդիրներին։ Աշխատաժողովի ժամանակ նախ կներկայացվի այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի հերթականությունը, ապա անդրադարձ կկատարվի աշխատաժողովին ներկա գլխավոր խմբագիրների ամսագրերին՝ վերլուծելով դրանց ուժեղ և թույլ կողմերը։

Դպրոցը նախատեսված է ունկնդիրների լայն շրջանակի համար՝ հետազոտողներ, գրադարանավարներ, գիտական քաղաքականություն մշակողներ և գիտության ոլորտի ղեկավարներ, ասպիրանտներ ու գիտական ամսագրերի խմբագիրներ: Մասնակիցների թիվը սահմանափակ է։

Անցկացման վայրը՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Երևան, Պ․ Սևակի 1։

Մասնակցության հայտ ուղարկելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցաթերթիկը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://bit.ly/ga_viewform 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ https://csiamconf2022.sci.am/ կայքում։